![]()
«Ես կարծում եմ, որ անհրաժեշտություն կա ՀԷՑ-ում պետական կառավարիչ նշանակելու»:
Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ հարցին:
«Ես տեղեկություններ ունեմ, չգիտեմ՝ որքանով են հավաստի, որ ներսում մարդկանց ստիպում են մասնակցել տարբեր միջոցառումների, ասել են, որ ամսի 4-ին երթ է լինելու և պարտադրել են ՀԷՑ-ի աշխատակիցներին, որ մասնակցեն: Պետք է կրկնեմ վարչապետի ասածը ԱԺ-ում. այդ բոլոր մարդիկ, որոնք նման բան են առաջարկում, նրանք առնվազն գործից ազատվելու են, օրենքը ընդունվելուց հետո կառավարիչ նշանակելու պարագայում նրանք պատասխանատվության են ենթարկվելու»,- նշեց նա:
Ավելի վաղ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշել էր, որ ՀԷՑ-ը պետականացնելու անհրաժեշտությունը չի ծագել քաղաքական հայտարարությունից (- խմբ․ նկատի ունի՝ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի հայտարարությունը) հետո, այլ դրանից առաջ: Նա հայտնել է՝ ՀՀ վարչապետի կողմից գրավոր հանձնարարական է տրվել ՏԿԵ նախարարությանը և իրեն, և տպավորությունն այնպիսին է, որ քաղաքական հայտարարությունն է հաջորդել դրան, այսինքն՝ երբ ՀՀ կառավարությունը նպատակադրվել է որակական փոփոխություն ապահովելու համար միջամտել ՀԷՑ-ում կառավարման այդ համակարգին:
Հայտնենք նաև՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի էջում հիշեցրել է իր հանձնարարականը ՀԷՑ-ի նկատմամբ հատուցման մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ:
![]()