![]()
«Մեր ընդդիմադիր գործընկերները ասում են՝ մենք բերել ենք հայտարարության նախագիծ, դուք դրան դեմ եք։ Ճիշտ են ասում, որովհետև անընդունելի լեզու և ձևակերպումներ կան այդ հայտարարության մեջ»:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Իրենք ասում են՝ ոչինչ, կողմ քվեարկեք, որպեսզի մտնի օրակարգ, քննարկվի։ Ես էլ ասում եմ՝ շատ լավ, դա ընդունելի տրամաբանություն է, եթե քվեարկում ենք ամեն ինչի համար։
Մենք կհրապարակենք նոր Սահմանադրության տեքստ, որին դուք դեմ եք, չնայած տարօրինակ է՝ ոնց եք դեմ, եթե չեք էլ տեսել, կողմ քվեարկեք, որպեսզի մտնի ժողովրդի օրակարգ, այսինքն՝ դրվի համաժողովրդական հանրաքվեի։ Դուք էլ գնացեք ու, քավ լիցի, «Ոչ» քարոզեք։
Սա է առաջարկի էությունը»,- պարզաբանել է ԱԺ նախագահը։
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք աշխատանքային քննարկում ունեցե՞լ է ընդդիմադիր գործընկերների հետ, Ռուբինյանը բացասական պատասխան է տվել։
«Չեմ ունեցել, բայց պատրաստ եմ և հրավիրում եմ թեմայի շուրջ քննարկման, եթե մեր հարգարժան ընդդիմադիր գործընկերները ուզում են նման քննարկում ունենալ»,- ասել է Ռուբինյանը։
Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» հայտարարության նախագիծը չի ընդգրկվել ԱԺ նստաշրջանի օրակարգում։
![]()