Ուզում եք ՀՀ-ն դարձնել «հուսահատության գազել», հետո պայթեցնել այն, բայց չի ստացվելու. Կոնջորյան

«Պարո՛ն Մինասյան, որ ասում եք՝ «քաղաքացին տուգանքի մատերիալ չի» և քաղաքացուն եք պաշտպանում, հիշեցնեմ, որ Դուք և Ձեր քաղաքական թիմակից Բագրատ Գալստանյանն այդ քաղաքացիներին անվանում եք «խոր անասուն»:

Այս մասին Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից իր ելույթում ասել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարողների համար տուգանք սահմանելու նախագծի քննարկման ժամանակ դիմելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին:

«Երբ այդ մարդկանց այդ նույն ավտոբուսների մեջ պատրաստվում էիք հրկիզել, հիմա այդ ավտոբուսներում նրանց չվճարածների համար նախատեսվող տուգանքի քննադատությամբ եք այստեղ զբաղված»,- հայտարարել է Կոնջորյանը և հավելել, որ երբ վարչապետն ասել է «քաղաքացին տուգանքի մատերիալ չի», նկատի է ունեցել այն, որ ստեղծվել է համակարգ, որի նպատակը իրավախախտումը կանխելը չէ, այլ տուգանքի միջոցով քաղաքացուց փող քամելը:

«Այսինքն՝ վճարիր և խախտիր, վճարիր և խախտիր. սա է նկատի ունեցել վարչապետը: Հիմա դուք եկել վարչապետին ցիտում եք, բայց եզրահանգումը էլի սուտ եք անում: Չնայած ձեզանից չպետք է ակնկալել ուրիշ բան, ասենք՝ ստախոսությունը ձեր ամենամեղմ արատներից է, դուք տեռորիզմ եք պաշտպանում:

Այս նախագիծն ասում է հետևյալը. որ այն քաղաքացին, որը չի վճարում, այո՛, նա կարող է տուգանվել:

Այս նախագիծը խրախուսում է օրինապաշտությունը և նախատեսում է տուգանք օրինախախտման համար, և սա մեր հայեցակարգային քաղաքականությունն է, որովհետև այսպիսին պետք է լինեն մեր հասարակական հարաբերությունները»,- ընդգծել է պատգամավորը:

Կոնջորյանը հավելել է, որ այս նախագիծը խրախուսում է օրինապաշտությունը և նախատեսում է տուգանք օրինախախտման համար:

«Իհարկե, դուք ուզում եք Հայաստանը դարձնել մի «հուսահատության գազել», հետո պայթեցնեք այդ «գազել»-ը, բայց դա ձեզ մոտ չի ստացվելու, ու այս նախագիծն էլ միտված է երևանցիների կյանքն ավելի լավը դարձնելուն, որովհետև այն մարդիկ, որոնք պարտաճանաչ վճարում են, նրանք արժանի են, որ իրենց նկատմամբ մենք ունենանք արդարացի վերաբերմունք»,- խոսքը եզրափակել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ