![]()
Որևէ մեկը չի ներխուժել վեհարան։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռում հունիսի 27-ին տեղի ունեցած իրադարձություններին։
«Նախամուտքի մոտ են եղել։ Ձեր նշած անձը փախել, թաքնվել էր այնտեղ՝ մտածելով, որ այդտեղ կարող է իրեն պաշտպանված զգալ, և դա ակնհայտ էր։
Մեր ընդդիմադիր գործընկերները եկել, դոշ են ծեծում. կա դատարանի որոշում և գնալ մտնել ինչ-որ մի տեղ և փորձել պատսպարվել, որպեսզի դատարանի որոշումը չկատարվի, դա անընդունելի է: Եվ վերջիվերջո, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, տեսնելով, որ իրավիճակը կարող է լարվել, դուրս եկավ, որպեսզի ի ցույց դնի, որ նման բան անելու նպատակ չկա, և իրենք իրենց գործառույթն են իրականացնում։
Թե՞ մեկնումեկի մոտ կարծիք կա, որ ԱԱԾ-ն ցանկության դեպքում, 300-400 որ մարդ լինի, չի կարող մտնել այդտեղից մեկին դուրս հանի: Իհարկե, կարող է, բայց այդպիսի քայլի չգնաց, ի պատիվ մեր ԱԱԾ-ի»,- ավելացրեց ԱԺ նախագահը:
Նրա խոսքով՝ Աջապահյանի գործողությունների իմաստը շոու սարքելն է եղել, մարդկանց հրահրելը։
Իրավապահները, ինչպես հայտնել էինք հունիսի 27-ին, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում առավոտյան քննչական գործողություններ էին իրականացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:
Միաժամանակ այցելել էին Մայր Աթոռի տարածք, որտեղ գտնվում էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը:
ԱԱԾ աշխատակիցները մտել են վեհարան:
Հայտնել էինք նաև, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշումը իրականացնելու համար Մայր աթոռ մեկնած Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում էին կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։
Այնուհետ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին:
ԱԱԾ-ն Միքայել Աջապահյանին կոչ էր արել չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող խմբին:
Աջապահյանը հավաքված քաղաքացիներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին փոխանցել էր, որ ինքը չի պատրաստվում թաքնվել, ինքնուրույն կգնա ու կներկայանա քննչական մարմիններին:
Այս խոսքերից հետո նա մի պահ դուրս էր եկել Մայր Աթոռի դարպասների մոտ, այնուհետև սկսվել էր քաշքշուկ, ու վերջինս վերադարձել էր Մայր Աթոռի բակ՝ ասելով. «Դրանց տիրոջ…»:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դուրս էր եկել Մայր Աթոռից և ոտքով ուղևորվել Երևան՝ Քննչական կոմիտե: Ճանապարհին երթի մասնակիցների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել:
Քննչական կոմիտեից Աջապահյանը հունիսի 27-ին տեղափոխվել էր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Հունիսի 28-ին հրապարակվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական որոշումը: Աջապահյանը կալանավորվեց 2 ամսով:
![]()