![]()
Ազգային ժողովի արտահերթ նիստին տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարողների համար տուգանք սահմանելու նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորների դիտարկմանը, թե վերոնշյալ նախագծով հսկիչներին իրավունք է տրվելու մարդկանց զննություն անցկացնել:
Ռուբինյանը պարզաբանեց՝ զննություն անցկացնելու իրավունքը ոչ թե հսկիչներինն է, այլ ոստիկանինը:
«Ըստ նախագծի՝ հսկիչն իրավունք ունի մարդուն նույնականացնել: Այսինքն՝ ի՞նչ է անում հսկիչը. նախ ստուգում է՝ տոմս ունի՞, թե՞ չէ, վճարե՞լ է, թե՞ չէ: Ենթադրենք՝ չի վճարել, ասում է՝ անձնագիրը տվեք, որ ձեզ տուգանեմ: Ասում է՝ անձնագիր չունեմ: Ասում է՝ անձնագրի տվյալ կարող եք տալ: Ասում է՝ ասենք, չունեմ, հնարավորություն է տրվում լուսանկարով նույնականացնել, չգիտեմ՝ ոնց է արվում, բայց, լավ, ենթադրենք, որ դա էլ չի ստացվում, և մարդը հրաժարվում է նույնականացվել, այդ դեպքում հսկիչն իրավունք ունի դիմել ոստիկանին, ինչը, այսպես թե այնպես, ոստիկանն ունի այդ իրավունքը՝ մարդուն նույնականացնելու:
Օրինակ՝ եթե մարդը հրաժարվում է ասել անուն-ազգանուն, տվյալ և այլն, ապա հիմա էլ փողոցում ոստիկանը կարող է մոտենալ մարդուն, եթե հիմք ունի, կասկած ունի, տանի բաժին՝ նույնականացնելու: Այսինքն՝ ձեր ասածը սուտ է: Հսկիչն է դիմում ոստիկանին, ոստիկանն իր գործողությունն իրականացնում է:
Այլ կերպ ասած, պնդումը, որ հսկիչին իրավունք է տրվում զննություն իրականացնելու, սուտ է»,- ասաց Ռուբինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովը քննարկում է ուղեվարձը չվճարելու համար նախատեսված տուգանքների նախագիծը։
Նախագիծը ներկայացնելիս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը մանրամասներ հայտնեց, թե ինչպես է լինելու տուգանելու գործընթացը։
«Եթե քաղաքացին օգտվել է ոչ իր կողմից ձեռք բերված կամ արտոնություն ունեցող անձի կրիչը կրող քարտից կամ արտոնությունից ընդհանրապես, ապա այս պարագայում սահմանվում է 15-ապատիկի չափով, այսինքն՝ 15 հազար դրամ, և 3-ապատիկի չափով է սահմանվում, եթե ունի նման հնարավորություն, արտոնություն, սակայն չի վավերացրել կրիչը տրանսպորտային միջոցում, այսինքն՝ տրանսպորտային միջոց բարձրանալիս ձեռք է բերել համապատասխան իրավունք, սակայն այդ իրավունքը չի վավերացրել»,- նշել էր ՏԿԵ փոխնախարարը։
Փոխնախարարը մանրամասներ էր հայտնել նաև վարչական ձերբակալության ենթարկվելու մասին։
![]()