Կտրիճ Ներսիսյանը պղծեց վեհարանը. չի ստացվելու արդար դատաստանից թաքնվել հավատքի հետևում. Հովհաննիսյան

Կտրիճ Ներսիսյանը հերթական անգամ պղծեց վեհարանը՝ այն դարձնելով հայկական պետականության կործանումը երազողների ու ահաբեկիչների հավաքատեղի։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ ընդգծելով.

«Չի ստացվելու արդար դատաստանից թաքնվել հավատքի հետևում, որքան ուզում եք սև հագնվեք, որքան ուզում եք մեծ խաչեր վզներիցդ կախեք կամ կարող եք անգամ գմբեթ սարքել գլխներիդ»։

Իրավապահները, ինչպես հայտնել ենք, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում առավոտյան քննչական գործողություններ են իրականացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:

Իրավապահներն այցելել էին նաև Մայր Աթոռի տարածք, որտեղ գտնվում էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը:

Հոգևորականները, ինչպես հայտնել էինք, փորձում էին թույլ չտալ, որ ուժայինները մուտք գործեն վեհարանի տարածք, սկսվել էր քաշքշուկ հոգևորականների և ուժայինների միջև:

Հայտնի է նաև, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում էին կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն ևս մեկ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին: Ծառայությունը Միքայել Աջապահյանին կոչ էր արել չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող խմբին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ