![]()
2025 թվականի հունիսի 26-ին համացանցում հրապարակված ձայնագրությունում առկա են առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ մի խումբ անձինք, գործելով նախնական համաձայնությամբ, իրավաբանական հետևանքներ առաջացնելու նպատակով, համացանցում տեղադրել են «Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականը ԱԱԾ ու Քննչական պետերին» վերտառությամբ արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ ձայնագրություն:
Դրանում ՀՀ Վարչապետն իբրև թե կոնկրետ քրեական վարույթով հանձնարարություններ է տալիս ՀՀ իրավապահ մարմինների ղեկավարներին։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային կեղծիք կատարելը)։
Կատարվում է նախաքննություն։
«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ վարութային գործողություններ՝ համակարգչային կեղծիք կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց արարքին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Քննչական կոմիտեն նախազգուշացնում է ձեռնպահ մնալ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ համակարգչային կեղծիք տարածելու և այդ կերպ հանրությանը մոլորեցնելու և ապատեղեկատվություն տարածելու գործելաոճից»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն իր էջում հայտնել էր, թե որոշ արկածախնդիրներ փորձել են հասարակությանը մոլորեցնել՝ վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն ստեղծելով:
Նկատենք, որ կեղծ ձայնագրությունը տարածել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ասոցացվող 4rd.am կայքը: Դրանում ներկայացվում է, թե համացանցում շրջանառվում է մի գաղտնալսում, որից պարզվում է, որ «հիբրիդային պատերազմի» մասին գործը ամբողջությամբ թխված է իրավապահների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամաններով:
Ստորև ձայնագրության տեքստը.
«Ուրեմն հիմա հատուկ հանձնարարական եմ տալիս ԱԱԾ ու քննչականի պետերին։ Ինչքան հնարավոր է շուտ բռնում եք էդ Բագրատ սրբազան ա, ինչ ա, դրան ու դրա մի քանի կողմնակիցներին, մի 2 աչքի ընկնող դաշնակների, օրինակ, էն Արթուր Սարգսյանին, կամ էլ Բեղլուին ու սաղին փակում եք սահմանադրական կարգի տապալման ու բռնի հեղաշրջման փորձի մեղադրանքներով։Դե դուք սարքելու ձևերը ինձնից լավ գիտեք, զենք ա, բան ա, տարեք, գցեք նկարեք, ցույց տանք Հանրայինով, բանով, էդ Բագրատի ձենով էլ ձայնագրություններ սարքեք, թող ժողովուրդը լսի ու հավատա, որ իբր իմ վրա մահափորձ էին ուզում անել, համ էլ ձեռի հետ Գարեգինի մաֆիային կվախեցնենք… ու թող դրանք էլ իմանան, որ իրանց վրա էլ հանգիստ կարանք սարքենք։
Տաշիրի Սամոն վկա, ձեզ էդ հրամանը կատարելու համար ունեք մի շաբաթ ժամանակ, ձայնագրություններ է, բան է, սաղ սարքեք ու անցեք գործի»:
![]()