Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Հայաստանի «Պրահյան դավաճանության» հեքիաթի հերթական փլուզումը․․․․
Նախօրեին Ուկրաինայի օկուպացված տարածքներում հրադադարի համաձայնագրի դեպքում «մեծ Ղարաբաղ» թույլ չտալու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկու հայտարարությանը օպերատիվ արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ը․ «Զարմանալի է, որ ՌԴ նախագահի օգնական և Պատմական կրթության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մեդինսկին, ըստ երևույթին, տեղյակ չէ, որ Ղարաբաղը երբեք վիճելի տարածք չի եղել: Հիշեցնում ենք, որ Ղարաբաղը բնիկ ադրբեջանական հող է: Ավելին, Ռուսաստանը ինքը ճանաչում և միշտ ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք»։
Ադրբեջանական ԱԳՆ-ի հայտարարության մեջ անհնար է չնկատել «Ռուսաստանը ինքը ճանաչում և միշտ ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք» ձևակերպումը, ինչը անհերքելի փաստ է։ Ու դրան Ռուսաստանից հերքել չէին էլ կարող, ինչև և արել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` TASS գործակալությանը փոխանցելով, որ «Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք», իսկ Ղարաբաղի մասին Մեդինսկու խոսքերը չպետք է հանել կոնտեքստից ու դրանց տալ «բոլորովին այլ իմաստ»։ Զախարովան նշել է, որ Ղարաբաղի մասին իր մեկնաբանության մեջ Մեդինսկին խոսել է իրավիճակի պատմական ասպեկտի և սոցիալ-մշակութային առանձնահատկությունների մասին։
Հայկական ժողովրդական խոսքը ասում է՝ «մախաթը պարկում երկար չես պահի»։ 5 տարի շարունակ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունն ու նրանց հայաստանյան դեսանտը Հայաստանին ու նրա ղեկավարությանն է մեղադրել «Արցախը Ադրբեջան» համարելու մեջ։ Հորինվել է «Պրահայի դավաճանության» հեքիաթը, գիտակցված «մոռացության տալով», որ դրանից ուղիղ 6 ամիս առաջ՝ 2022թ․ փետրվարի 22-ին Ռուսաստանն ու Ադրբեջանը վերաթարմացված ռազմավարական փոխգործակցության պայմանագրով ոչ միայն վերահաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, այլ ընդհուպ միմյանց աջակցությունը տարածքային ամբողջականությունը խաթարող անջատողոկանության, ծայրահեղականության, ինքնիշխանության խաթարման ոտնձգությունների դեմ երկու երկրների իշխանությունների գործողություններում․․․ Ավելին, ուղղիղ Պրահայի հանդիպմանը անմիջապես հաջորդած Սոչիի հանդիպմանը Հայաստանին էլ ստորագրել տվեցին Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը «Ալմա Աթիի հռչակագրի, տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի հիման վրա» պատրաստելու տեքստի տակ։
Սրան էլ հավելած մինչև 2020թ ու դրանից հետո ՌԴ նախագահի, ԱԳ նախարարի բազում հայտարարությունները ԼՂ-ի՝ Ադրբեջանին պատկանելության մասին։
Այս ամբողջ ողբերգությունում մտահոգիչը ոչ թե այն է, որ օր առ օր ջրի երես են դուրս գալիս ռուս-թուրք-ադրբեջանական գործարքի «իրավական» հիմքերն ու ջարդում Ռուսաստանից սնուցված բոլոր կեղծ նառատիվները, այլ որ հայաստանյան դեսանտը միևնույնն է այսքանից հետո էլ երեսը պադոշ քաշած շարունակելու է «պատմել Պրահայի հեքիաթը»․․․
Ու ցավալին նա է, որ իմ Եկեղեցու շատ սպասավորներ էլ եղել են ու կան «Պրահայի դավաճանության» ձայնապնակի հերոսներից, ու թող այսօր չզարմանան, թե ինչու հանրության լայն շերտերը ոչ միայն անտարբեր են իրենց շուրջ կատարվողով, այլ նույնիսկ կողմնակից են փոփոխություններին։