![]()
Գյումրիից հետո Փարաքար խոշորացված համայնքը երկրորդն է, որտեղ նախնական ընտրությամբ՝ փրայմերիզով, համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց նախկին համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Հենց նա էլ արտահերթ ընտրություններում կգլխավորի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը բարձր է գնահատում Գյուլնազարյանի վերընտրվելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ փրայմերիզից առաջ Լյուդվիգ Գյուլնազարյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարն էր, որը հրաժարական տվեց 2024 թվականի նոյեմբերին Երևանում տեղի ունեցած սպանության պատճառով: Այս միջադեպի ժամանակ վիրավորել էր նաև Գյուլնազարյանը:
Դեպքից հետո նա «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ պատահական է հայտնվել այդ հատվածում և վիրավորում ստացել:
Արուսյակ Մանավազյանը հավաստիացնում է՝ նախաքննությանն ու քննչական մարմիններին չխանգարելու համար էր հրաժարական տվել Գյուլնազարյանը, ապա ապացուցվել է նրա անմեղությունը:
Պատգամավորի խոսքով՝ եթե այս քրեական վարույթը բացասաբար ազդեր Գյուլնազարյանի վարկանիշի վրա, համայնքը նրան վատ կվերաբերվեր, այդքան ձայն չէր հավաքի փրայմերիզով և չէր դառնա իշխող ուժի թեկնածուն:
Անդրադառնալով վերջերս Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած աղմկահարույց դեպքին, որի ժամանակ հարձակում էր իրականացվել վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ՝ Արուսյակ Մանավազյանը կարծիք է հայտնում, որ այս դեպքը չի կարող ազդեցություն թողնել առաջիկայում սպասվող ընտրությունների վրա:
Հիշեցնենք, որ միջադեպի ժամանակ զոհվել էր վարչական ղեկավարի զարմիկը: Գործի շրջանակներում կալանավորվածների թվում է Մերձավանի նախկին համայնքապետ, հանրապետական Լևոն Գրիգորյանի որդին, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Վոլոդիա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը, որ Մերձավանում առավել հայտն է Պաշ մականվամբ:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Վոլոդիա Գրիգորյանը ակտիվ շփումներ ունի քրեական հեղինակությունների հետ:
Մանավազյանը բացառում է, որ քրեական հեղինակությունները կարող են որևէ ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա: Այս համատեքստում պատգամավորը հիշեցնում է՝ Ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է նախագիծ ներկայացնել՝ նման անձանց հայտնաբերելու և վերջիններիս գործողությունները վերահսկելու համար:
Հիշեցնենք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ Փարաքարում արտահերթ ընտրությունները կանցկացվեն մարտի 30-ին:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում
![]()