![]()
Բիռկեքը անկջներին՝ ձագ կուտան. Գյումրվա ստերջացում
Ինչպես ստերջացնել, որ շունն ավելի շատ ձագեր ունենա, բազմանա անխտիր ու գունավոր կոճակն ականջին հպարտ նայի անցորդներին, ինչու՝ չէ, նաև հենց ստերջացնողի աչքերին:
Գյումրիում այս «մաստեր-կլասս»-ի հեղինակային իրավունքը մինչ վերջերս պատկանում էր «Կումնի» ՍՊԸ-ին, որը միայն իրեն հայտնի մեթոդով իրականացնում էր այնպիսի ստերջացում և ստերիլիզացում, որի արդյունքում քաղաքում շների թվի աճին զուգահեռ վերջին տարիներին փողոցներում հայտնվեցին մազաթափ, գզգզված, լոզոտ, ճպռոտ, ինչպես նաև ստերջացված լինելը փաստող պիտակներն ականջներին հղի շներ:
Եթե քաղաքի կենտրոնական հատվածներում կենդանիներից շատերը վտանգավոր չեն, քիչ թե շատ կուշտ են, նաև սիրում են խաղալ իրենցից չվախեցողների ու չվնասողների հետ, ապա ծայրամասային թաղերում և որոշ դպրոցների շրջակայքում խմբերով թափառողներն իրական սպառնալիք են, տարածքի տերերն են, ում ուզեն՝ կկծեն, ով դուրները եկավ՝ բաց կթողնեն: Զուտ պատահականություն կարող է լինել նման թաղամասերում անվտանգ տեղաշարժվելը, կամ ոհմակից մազապուրծ եղած՝ առաջին պատահած բաց դարպասից ներս ընկնել, փրկվելը:
Այս խնդրի լուծումը կարմիր թելի նման անցնում է Գյումրու բոլոր ժամանակների ընտրապայքարի թեկնածուների ծրագրերով, ընտրվելուց հետո էլ՝ ղեկավարների ելույթ-ճառերում: Սակայն թափառող շների հարցի կարգավորմանը վիճակված է չհատել կենացի մակարդակում բարձրաձայնման շեմը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում գյումրեցիներից մեկը նկատում է. «Բիռկեքը անկջներին՝ ձագ կուտան, սպես է՞լ ստեջացում էղնի»:
Ինչ փոխկապակցվածություն ունեին «Բալասանյան դաշինք»-ն ու շներին ստերջացնող «Կումնի» ՍՊԸ-ն
Պետռեգիստրի տվյալների համաձայն՝ «Կումնի» ՍՊԸ-ն Հարություն Վիրաբյանը հիմնադրել է 2023 թվականի նոյեմբերի 7-ին: 9 օր անց ընկերությունը մասնակցել է Գյումրու քաղաքապետարանի հայտարարած մրցույթին և հաղթող ճանաչվել:
Դեռ 2024-ի մարտին՝ ավագանու նիստերից մեկում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը հայտարարել էր, որ այս ընկերությունը փոխկապակցվածություն ունի «Բալասանյան դաշինք»-ի հետ:
«Թվում է, թե մի կողմից փորձում եք շների ստերջացման հարցը լուծել, մրցույթ եք հայտարարում, բայց շահում են մարդիկ, որոնք ուղղակիորեն փոխկապակցված են ձեզ հետ, ձեր կուսակցության հետ, և իրենք ընդամենը փող են լվանում: Լավ է, որ քրեական գործ կա, ես, իհարկե, հարգում եմ այդ գործով անցնողների անմեղության կանխավարկածը և զերծ կմնամ մեկնաբանություններից, բայց այն, ինչ փաստ է, դրա մասին ուզում եմ խոսել, թե որքանով է «Կումնի» ՍՊԸ-ը փոխկապակցված «Բալասանյան դաշինք»-ի հետ: Ընկերության հիմնադիր Հարություն Վիրաբյանի ավագ որդին՝ Սեդրակ Վիրաբյանը, կապ ունի ձեզ հետ այն պարզ պատճառով, որ 2016-ին «Գյումրեցու ոգի» կուսակցության ցուցակով եղել է ավագանու անդամ, հետո արդեն «Գյումրեցու ոգի»-ն վերանվանվել կամ վերաձևակերպվել է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության»,- ասել էր Հարությունյանը:
Այդ ժամանակահատվածում համայնքապետարանը 500 շան ստերլիզացիայի և ամլացման համար նախահաշվարկային գին էր առաջարկել 13 մլն դրամը, «Կումնի»-ն հաղթել էր մրցույթը և համայնքապետարանից ստացել 8 մլն 917 հազար դրամ՝ յուրաքանչյուր շան համար նախատեսելով 17 հազար 834 դրամ:
Տարբեր մասնագետներ այդ գումարով ծառայություն մատուցելն աբսուրդ էին համարում: «Կումնի»-ի համար կարծիքներն արժեք չունեին. զբաղված էին Ջաջուռի անասնագոմերից մեկում հակասանիտարական պայմաններում շներին կարել-կարկատելով, ականջներին տարբերանշանը կպցնելով, ազատ արձակելով:
Չնայած առկա դժգոհություններին և հարուցված քրեական գործերին՝ նախկին քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն այդպես էլ չգնաց առկա պայմանագիրը և այնքան անթաքույց փոխկապակցվածությունը խզելու քայլին:
«Կումնի»-ն այլևս համայնքապետարանի հետ պայմանագիր չունի. Սարիկ Մինասյանը նորը չի կնքել
Ստացվում է այնպես, որ վերջին շրջանում ուղիղ իմաստով «անտեր» մնալու իրավիճակը Գյումրու այցեքարտը դառնալու բոլոր շանսերն ունի: Հիմա էլ քաղաքի թափառող շներն են լիարժեք անտեր են մնացել: «Կումնի» ՍՊԸ-ի պայմանագրի ժամկետն ավարտվել է, Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը նորը չի կնքել:
«Բողոքները շատ էին, նրանց նկատմամբ 2 քրեական գործ կա հարուցված, և խելամիտ չէր նման ընկերության հետ նորից պայմանագիրը շարունակել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Մինասյանը:
Գնացի Երևան, անձամբ տեսա. մեր կամքի, ցանկության և համառության դեպքում Գյումրին էլ կունենա շների ապաստարան
Սարիկ Մինասյանը Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի մասին լսածը որոշել է անձամբ՝ սեփական աչքով տեսնել նաև: Գնացել է Երևան, հանդիպել ՀՈԱԿ-ի տնօրենի ու մասնագետների հետ, շրջել հաստատությունում, ուսումնասիրել առկա պայմաններն ու հնարավորությունները: Ամեն ինչ տեղում ծանրութեթև անելուց հետո Մինասյանը «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի ղեկավար Հարություն Առաքելյանին խնդրել է մասնագիտական խումբ գործուղել Գյումրի և տալ շների զանգվածային ստերջացման ծրագրի մեկնարկը:
Առաքելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ առաջարկ-խնդրանքը ողջունել է Երևանի քաղաքապետարանը. մինչև մարտի սկիզբ խումբը կլինի Գյումրիում:
«Սկիզբը մեր մասնագետները կանեն, շարունակությունը՝ արդեն գյումրեցիները:Հիմա նախատեսվում է, որ մեր խումբը կտեղափոխվի Գյումրի կարճ ժամանակով, կիրականացվի բուն ստերջացման ծրագիրը: Այսինքն՝ կենդանիները կբռնվեն, կհետազոտվեն, կստերջացվեն, և արդեն առողջ կենդանիները պատվաստումներից հետո բաց կթողնվեն տարածք: Ծրագիրը նույնությամբ կիրականացվի այնպես, ինչպես Երևանում է արվում, իսկ այն վերցված է միջազգային հաջողված փորձից»,- մանրամասնում է Առաքելյանը:
Ըստ Սարիկ Մինասյանի՝ սկզբի համար ժամանակավոր կայան են ստեղծելու, որպեսզի մասնագետները կարողանան սկսել աշխատանքը: Այս պահին տարածքի ընտրության քննարկման փուլում են: Հենց հստակեցվեց հարցը, գործընթացը կմեկնարկի:
Սրան զուգահեռ բուն աշխատանքները՝ կացարան-ապաստարանի կառուցման մասով, կշարունակվեն: Որքանո՞վ է իրատեսական ասվածը՝ հացին, Մինասյանը վստահ պատասխանում է՝ առավելագույն չափով: Տարածքի հարցն է կրկին հստակեցման ենթակա. աչքի տակ մի քանիսը կան, այս պահին բարձրաձայնել չի ուզում: Ընդգծում է՝ հետքայլ չկա:
«Շատ կարևոր գաղափար է, որն իրականացվելու է, բայց որ ասեմ՝ 1-2 ամսում արվելու է, սուտ կլինի: Ամեն օր մի քայլ առաջ ենք գնում: Ունենք բանավոր համաձայնություն Կառավարության հետ, ստեղծելու ենք Կառավարություն-համայնք համատեղ կառույց, մեզ միանալու է նաև Ախուրյանը: Կա նախնական նման պայմանավորվածություն ևս, այսինքն՝ 2 համայնքն ու Կառավարությունը ստեղծում են մարզային մեծ կառույց, որը ոչ միայն ստերջացման կենտրոն կլինի, այլ նաև՝ կացարան: Ինձ շատ են հարցնում, թե Գյումրու բյուջեով ո՞նց է հնարավոր դա անել: Էդ առումով իմ պատկերացումն ունեմ ես: Մենք համայնքապատկան մանկապարտեզներ ունենք, որտեղ երեխաները սնվում են, կան դպրոցներ, որտեղ ճաշարաններում ևս երեխաները հաց են ուտում: Մեր բոլոր սննդի կետերի հետ կնքելու ենք պայմանագիր, որ իրենց մոտից էլ մնացած սնունդը մեր մեքենաներով հավաքենք, տանենք ապաստարան, էնտեղ լաբորատոր քննություն անցելուց հետո կերակրենք կենդանիներին: էստեղ շատ մեծ ծախս չենք անելու, կամքի, ցանկության և համառության դեպքում մենք մեր նպատակներին կհասնենք միանշանակ»,- ասում է նա:
Երևանի մեր ընկերներին լավ կընդուենք, որ երկրորդ անգամ էլ գան՝ մինչև մենք կարողանանք գործընթացը ինքնուրույն անել
Այս պահին Գյումրին մասնագիտական կադրեր չունի: «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ն այս մասով ևս խոստացել է աջակցել: Մասնագետներին կգործուղի Գյումրի, գյումրեցիներին էլ կվերապատրաստի: Մինասյանն ասում է՝ երբ կարողանան ինքնուրույն գործել, հարակից համայնքներին ևս կօգնեն:
Ի դեպ, Գյումրու փողոցներում նկատելի են նաև թանկարժեք ցեղատեսակների շներ, որոնցից մարդիկ հրաժարվում են ամենատարբեր պատճառներով: Նրանց թվում գերակշիռ են հատկապես Սիբիրյան հասկի ցեղատեսակի կենդանիները: Գյումրու փողոցներում նաև գամփռեր, պուդելներ, որսորդական շներ են սոված թափառում:
Խոսելով շների ստերջացման խնդրի մասին՝ Հարություն Առաքելյանը մեկ կարևոր շեշտադրում է անում. հարցին պետք չէ մոտենալ կենդանիներին մարդկանցից վեր դասելու և հակառակը՝ մարդուն կենդանուց գերադասելու գաղափարով:
«Քանի որ տարատեսակ քննարկումների պատճառ է դառնում թափառող կենդանիների հարցը, ուզում եմ նշել, որ ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում այս ծրագրի մեկնարկը կտրվի մեկ գաղափարով՝ կենդանիների բարեկեցության կանոնները պահպանելով՝ հանրության անվտանգությունն ու առողջությունն ապահովելն է, որովհետև մեկը մյուսի հետ ուղիղ կապ ունեն»,- նկատում է Առաքելյանը:
![]()