![]()
Ապրիլի 6-ին Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում բռնկված հրդեհի պատճառով այրվել են շուրջ 2000 քմ տարածքի վրա գտնվող մոտ 20 խանութներ: Դրանք հիմնականում խաղալիքների եւ գրենական պիտույքների խանութներ են, կան նաեւ ավելի փոքր տարածք ընդգրկող հագուստի, ապակե իրերի եւ մթերային խանութներ։
Հրդեհաշիջման աշխատանքների պատասխանատուն դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ տուժածներ չկան։
Վաճառողներից մեկը, որի վարձակալած խանութ-սրահն ամբողջությամբ է այրվել, «Հայկական ժամանակի» հետ զրույցում, խոսելով կրած վնասների հնարավոր չափի մասին, ասաց, որ մինչեւ հունվարի 1-ը 44 միլիոն դրամի ապրանք է եղել: «Դրանից հետո արդեն պետք է հարկայինից իմանանք, տեսնենք ինչքան է եղել շրջանառությունը հունվարի մեկից մինչեւ էսօր, որովհետեւ վառվել է ամեն ինչը՝ ՀԴՄ, փաստաթղթեր, համակարգիչ»,- ասաց նա: Այստեղ, ի դեպ, ասում էին, որ նույնիսկ չհրկիզվող պահարանի մետաղադրամներն են հալվել:
Սուրմալու առեւտրի կենտրոնը տեղամասի պետ Վարդան Մանուկյանի փոխանցմամբ՝ կենտրոնն ունի կառավարման խորհուրդ, կհավաքվեն կփորձեն լուծում գտնել: «Այս պահին տուժողներին այլ անվճար տարածքներ են տրամադրվում, որպեսզի փրկված գույքը տեղափոխեն»,-ասաց նա: Նաեւ նշեց, որ իր ունեցած տեղեկության համաձայն՝ հրդեհը բռնվել է խաղալիքների խանութներից մեկից։
Տարածքի վարձակալության համար խանութների տերերը ամսական վճարում են 500-ից 600 հազար, կախված քառակուսի մետրից: Նրանք փոխհատուցում են ակնկալում:
Տարածքի անվտանգության պետ Հակոբ Թորոսյանն էլ ասաց, որ գիշերային հերթափոխի աշխատակիցն ամեն ինչ փորձել է անել հրդեհի առաջխաղացումը կանխելու համար, սակայն դա նրան չի հաջողվել:
Քաղաքաշինության եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց, որ «Սուրմալուում» չեն պահպանվել հրդեհային անվտանգության կանոնները: Այստեղ, ըստ նրա, մարտի 9-16-ը ստուգումներ են իրականացրել, որի արդյունքում պարզել են, որ 42 պարտադիր նորմերից 16-ը խախտված են, արձանագրություն է կազմվել և ուղղարկվել տոնավաճառի սեփականատիրոջը եւ կողմերին: Մասնավորապես տվյալ հատվածում շինարարական հիմնատարրերը մշակված չեն եղել, հրդեհային համակարգը միացված չի եղել լիազոր մարմնին, տանիքների վրայով հոսանքալարեր են անցել, ինչը հրդեհի վտանգ է ստեղծում եւ այն: Ստուգումներն անցկացվել է Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարականով՝ տարեկան պլանով նախատեսված ստուգումների շրջանակներում:
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում վերցվել են «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում առկա տեսախցիկների տեսագրությունները, կատարվել է դեպքի վայրի զննություն:
![]()