![]()
Հայկ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
«Բողոք ընդդեմ Հայաստանի Հանրապետության և Հայ Ժողովրդի». Այսպես պետք է վերնագրել երեկվա հարցազրույցը։
Սերժ Սարգսյանը Եվրոպային էր բողոքվում, Քոչարյանն էլ որոշեց հետ չմնալ ու ռուսներին բողոքվեց։
Ընդհանուր առմամբ ամբաստանյալ Քոչարյանը ոչ մի նոր բան չասեց։ Ավելին՝ Պոզների հարցերին չկարողանալով ուղիղ պատասխաններ տալ, Քոչարյանը մի քանի անգամ քմծիծաղի ու սրամտելու առիթ տվեց Պոզներին (երևի վերջինս Սերժի «ՊՈԼՆՈՍԾՅՈՒՆ» էր հիշել)։ Ինձ համար այդքան էլ հաճելի չէր, ի վերջո մեր երկրի նախկին նախագահն էր խոսում, չէի ցանկանա, որ դաշնային հեռուստաեթերով խոսող Հայաստանի նախկին նախագահին ձեռք առնեն անկախ նրա էությունից։
Ինչևէ՝ այն, որ թիվ մեկ ամբաստանյալը հարցերին ազնիվ չպատասխանեց դա հասկացավ յուրաքանչյուր մարդ, ով գոնե մի փոքր տեղյակ է ամբաստանյալի կենսագրությունից։
Գնալ ուրիշ երկիր, խոսել այդ երկրի դաշնային թիվ մեկ ալիքով և միայն ու միայն քննադատել, մեղադրել քո պետությունը. ասել որ հանրությունը Հայաստանում առողջ չէ։ Չխոսել գերիներից, ռազմական հանցագործություններ գործած Ադրբեջանի մասին։ Ոչ մի քննադատություն Հայ Ժողովրդի վրա հարձակված Ադրբեջանի հասցեին, ոչ մի քննադատություն նրան սատարող Թուրքիայի հասցեին, ոչ մի խոսք նրանց կողմից բերված վարձկան ահաբեկիչների մասին և փոխարենը ասել միայն, որ Հայաստանն է մեղավոր պատերազմը սկսելու մեջ։ Սա կարծում եմ ավելի շատ թշնամու պատվերի էր նման։ Դրանից լավ Ադրբեջանի արդարացում ու գովազդ դժվար է անգամ պատկերացնել։
Խոսվեց պատերազմի և մեր անպատրաստվածության մասին, սակայն Քոչարյանը չնշեց, որ հենց իր կառավարման տարիներին, մասնավորապես 2004 թվականին կտրուկ խախտվեց ռազմական բալանսը ի օգուտ թշնամու, չնայած ինձ համար արդեն հարցական է, թե կոնկրետ ո՞վ է իր համար թշնամի։
Տպավորություն ստացա, որ ողջ հարցազրույցի ընթացքում փորձ էր արվում քծնել Ռուսաստանի նախագահին, նրա շողքի ներքո դիվիդենտներ շահել։ Մի քանի անգամ շեշտեց, որ Հայաստանը էլ ավելի է մտերմանալու ՌԴ֊ի հետ եթե ամբաստանյալ Քոչարյանը դառնա Հայաստանի վարչապետ։ Ըստ ամենայնի ի նկատի ունենալով, որ կան էլի ընկերություններ, որոնք Քոչարյանը «գույք պարտքի դիմաց» հայտնի նվիրատվության բանաձևով պատրաստ է մատուցել Կրեմլին։
Քոչարյանը առանց որևէ ամոթի զգացումի խոսեց արտագաղթի մասին։ Մոռանալով նշել, որ իր ղեկավարման 10 տարիների ընթացքում, ըստ ԱՎԾ-ի, Հայաստանից արտագաղթել է 134 100 մարդ:
Հարցին, թե արդյոք ծանոթ է Հայաստանում սոցիոլոգիական հարցումների արդյունքներին՝ պատասխանեց, որ Հայաստանում չկա սոցիոլոգիա և թվերին հավատալ պետք չէ։ Իսկ հաջորդ նախադասությամբ շարունակեց, որ հարցումների արդյունքում մեծամասնությունը չի կողմնորոշվում և դրանով իսկ ուղիղ հերքեց իր նախորդ արտասանած միտքը։
Փնովեց, բողոքվեց Հայաստանից այնքան, որ արդեն Պոզներն էր ստիպված հիշեցնել, որ նա ուրիշ երկրում է, ի՞նչ կմտածեն հայերը սրա մասին։ Դրան էլ ի պատասխան Քոչարյանը հայտարարեց, որ իրեն չի անհանգստացնում, թե «ի՞նչ կմտածի Հայ Ժողովուրդը»։ Ո՞վ էլ կասկածեր՝ երևի միայն Պոզները ապշեց այդ անհեթեթ պատասխանից։ Բայց Հայ Ժողովուրդը հո լավ գիտի, որ նախկիններին երբեք էլ չի հետաքրքրել Ժողովրդի կարծիքը։
Սպասում էի մի քանի հարց ևս տար Պոզները.
Օրինակ՝ Հոկտեմբերի 27֊ից, Մարտի 1֊ից, Դիզած միլիոնավոր դոլարներից, քաղաքական սպանություններից, որոնք կարմիր թելով անցնում են ամբաստանյալի կառավարման տարիների 10 տարիներով։
Հետաքրքիր կլիներ ոչ թե պատասխանները լսել, այլ հետևել ամբաստանյալի միմիկաներին, որոնք նա էդպես էլ չսովորեց կառավարել։ Եւ մի փոքր ուշադիր մարդը հեշտությամբ ստանում է հարցերի ճշմարիտ պատասխանները պարզապես ամբաստանյալի դեմքին նայելով։
![]()