![]()
ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայաստանի Հանրապետության տոների եվ հիշատակի օրերի մասին» օրենքում սևով սպիտակի վրա գրված է, որ քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում այդ օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը: Ինչը գործնականում անհնարին է դարձնում համընկնումը ապրիլի 24-ի հետ։
Աչքովս ընկավ, որ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ, թե 2018-ի ապրիլյան հեղափոխականների համար այս ապրիլի 24-ը, փաստորեն, քաղաքացու տոնն է։ Տիկինը փորձել է քաղաքական դիվիդենտներ շահել այս անգամ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա, մեր ազգային ցավի ֆոնին։
Բացառելով վարկածը, որ ԲՀԿ-ական պատգամավորը երկու տողանի հոդվածները կարդում և չի հասկանում, ակնհայտ է դառնում, որ մեր քաղաքացիների հույզերի, ցավերի, դժբախտությունների հաշվին քաղաքական միավորներ հավաքելը և այլոց փնովելը մի քանիսի համար դարձել են սովորական երևույթ։
Տիկին Զոհրաբյանը հետո հեռացրել է իր գրառումը, ինչը ստիպում է վերադառնալ երկու տող կարդալու և չհասկանալու տարբերակին։ Ամեն դեպքում երկու վարկածն էլ լավ բանի մասին չեն խոսում։
Հ․Գ․ Իսկ լրատվամիջոցներին խորհուրդ կտամ հեռացնել իրենց կայքերից նշածս պատգամավորի տարածած սուտը, որն արդեն ջնջված է, սակայն շարունակում է քաղաքացիներին մոլորության մեջ գցել պտտվելով լրահոսում։
Հիշեցնենք, որ երեկ իր ֆեյսբուքյան էջում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում էր կատարել, որտեղ ասվում էր.
Եւ այսպես, ըստ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի» մասին օրենքի՝ ապրիլի 24-ը տոն է:
Հեղափոխական հպարտ իշխանությունը իր գոյությունը մեր կյանքում օրենքով ամրագրեց որպես տոն։
Երկու տարի առաջ փոփոխություն կատարվեց «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում եւ որոշվեց, որ ապրիլ ամսի վերջին շաբաթը հպարտ քաղաքացիները կտոնեն որպես քաղաքացու օր։
Այս ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը ապրիլի 24-ն է՝ Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը։
2018-ի ապրիլյան հեղափոխականների համար այս ապրիլի 24-ը, փաստորեն, քաղաքացու տոնն է։
Երեւի հիշում եք, որ քաղաքացու տոնին հանրապետության բազմաթիվ հրապարակներում մանղալներ էին շարել ու խորոված էին անում։
Հիմա պարզապես հետաքրքիր է՝ ապրիլի 24-ին, հպարտ քաղաքացու օրը, ինչպե՞ս են նշելու այս աննախադեպ «հպարտությունը» մեզ նվիրողները։
![]()