Վահագն Թեւոսյանը մտադիր է վայր դնել մանդատը

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը թիմի ներսում հայտնել է, որ մտադրություն ունի առաջիկայում մանդատը վայր դնել:

Մեզ հետ զրույցում Թեւոսյանը չհերքեց լուրը՝ ընդգծելով, որ պատրաստվում է մասնակցել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր պաշտոնի մրցույթին, որը հայտարարվել է 3 օր առաջ:

«Հաղթելու դեպքում, այո, ես ստիպված եմ լինելու մանդատը վայր դնել»,- տեղեկացրեց պատգամավորը: Նշենք, որ այդ մրցույթի արդյունքները ամփոփվելու են փետրվարի 26-ին:

Թեւոսյանից հետաքրքրվեցինք՝ պատրաստվում եք փոխարինել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի՞ն. Ի պատասխան պատգամավորն ասաց, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում. «Ես գնում եմ այդ հանձնաժողով՝ որպես խորհրդի անդամ եւ պատրաստվում եմ աշխատել պարոն Շիրինյանի հետ: Թե հետո խորհուրդը ինչ կորոշի՝ ժամանակը ցույց կտա»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք՝ Շիրինյանը Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է 2019-ի ապրիլի 1-ին: Հանրային հեռուստառադիոխորհրդի անդամները նշանակվում են վեց տարի ժամկետով: Խորհուրդն իր կազմից ընտրում է Խորհրդի նախագահ եւ տեղակալ: Խորհրդի գործող անդամներն են՝ Ստեփան Զաքարյանը, Նարա Շլեպչյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Լեւոն Գալստյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ