![]()
Հակական բանակը 29 տարեկան է: Բանակի կազմավորման բեկումնային տարիները 1992-1994 թվականներն էին, երբ արդեն անկախ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունները, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմում Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղան նաև ազգային բանակի ստեղծմանը:
Այդ հարցում վճռորոշ էր 1990-ի Անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի անկախությունը: Իրավական և գործնական նոր հեռանկար բացվեց ազգային բանակի ստեղծման համար:
1991 թ., Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից, ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին:
Հայկական Բանակի ձևավորման շրջանակում պետք է առանձնացնել 3 հիմնական փուլ:
Առաջին փուլում (1989 թ. փետրվարից` 1992 թ. մայիս)՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացման շրջանում, կամավորների ջոկատները ապահովում էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:
Երկրորդ փուլը (1992 թ. հունիսից` 1994 թ. մայիս) կապված է պատերազմական պայմաններում ազգային Բանակի ձևավորման հետ: Այդ ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի հանրապետությունները գտնվում էին Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի թիրախում։
Երրորդ փուլը (1994 թ. հունիսից մինչև մեր օրերը) կոչում են «բանակի կառուցում», այն շարունակվում է ցայսօր:
ՀՀ զինված ուժերում զորակոչը նախատեսված է 18-ից 27 տարեկան արական սեռի ներկայացուցիչների համար՝ 2 տարի ժամկետով, որը կարգավորվում է ՀՀ զինապարտության մասին օրենքով։ Զորակոչն ու զորացրումը իրականացվում է տարին երկու անգամ՝ ամռանը և ձմռանը։
Հունվարի 28-ը, որպես կանոն, տոնացույցի ոչ աշխատանքային օրերից է: Հանրապետությունում նշվում են բանակի օրվան նվիրված բազմաթիվ միջոցառումներ, սակայն այս տարի՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմով և մոտ 4000 զոհերով պայմանավորված, տոնական միջոցառումներ չեն լինի: Նախատեսվում են միայն պաշտոնյաների այցելություններ «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
![]()