«Երևանի փողոցներում վերակենդանացել են գերբարձր երաժշտությամբ թափառող ավտոմեքենաները…». Նվեր Մնացականյան

Երևանի փողոցներում վերակենդանացել են գերբարձր երաժշտությամբ թափառող ավտոմեքենաները։ Կան, չէ, այդ անասնական հաճույքը կրողներ, որ հիմա էլ մեր ցավի խորանն են լցնում այդ աղբը՝ թքած ունենալով, որ այդ մայթերով նահատակի ու անհետ կորածի ծնողն է անցնում, հենակով կյանք վերադարձած զինվորը, որին, կարող է, չէ, հունից հանել այս անհատակ տխրության մեջ վերքին աղ լցնող այդ ոռնոցը։

Սպասելի է, չէ, որ զինվորն իր ոտքին փոխարինող հենակը կշպրտի պատերազմի լեղին չհամտեսած այդ աբորիգենի ճակատին, որովհետև մեկ այլ ճակատից դեռ աճյուններ են գալիս։

Այդ ժամ, հաստատ կգտնվեն տառակերներ, որ կփիլիսոփայեն, թե թող դատարանը որոշի ում իրավունքն է խախտվել։ Չկասկածեք, կլինեն նաև տուժածի նյութական ու բարոյական շահը սպասարկող փաստաբաններ։

Այ, որտեղ է բացակա բռունցքը սեղանին խփող պետությունը, թե էլի կարծում եք, որ հանրային ցավը արժանապատվություն չունի, իսկ արցունքին փոխարինողն էլ այդ անհայրենիք թմբուկն է՝ իբր կյանքը վերգտնում է իր հմայքը։ Բա ինչ եղավ քրիստոնյա լռության ու ներս նայելու ժամանակը, թե վախենում եք խոստովանել, որն է իրականը՝ երեկվա մոմավառության աղոթքը, թե մանկուրտի այսօրվա խրախճանքը․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ