Հայաստանի վարչապետի և Պուտինի պատասխանատվությունը

Համացանցում հայտնվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են ադրբեջանցիները վանդալիզմով զբաղվում այն տարածքներում, որ անցել կամ անցնում են իրենց վերահսկողության տակ՝ կամ ռազմական ճանապարհով, կամ նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագրով:

Այդօրինակ տեսանյութերը համացանցում ավելանում են ամենօրյա ռեժիմով, ցույց տալով, որ վանդալիզմը ըստ էության ադրբեջանցիների համար ամենօրյա զբաղմունք է և թերևս լինելու է այդպիսին, հաշվի առնելով, որ բավականին շատ են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության կոթողները, գերեզմանաքարերը և այլն:

Այդ ամենն ըստ էության եռակողմ կոչված համաձայնագրի բովանդակության և տրամաբանության կոպիտ խախտում է, հաշվի առնելով այն, որ այդ համաձայնագրումն կարծես թե խոսվում է տեղահանվածների վերադարձի, ոչ թե հայկական շիրիմների, շիրմաքարերի տեղահանման վանդալային գործողությունների մասին:

Երբ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարում է, որ իրավիճակը արցախյան գոտում նորմալանում և մտնում է բնականոն հուն, որ կան կարգավորման լավ նախադրյալներ, վանդալի՞զմը նկատի ունի, որպես ադրբեջանական կողմի նորմալ, բնականոն զբաղմունք: Եթե ոչ, ապա ՌԴ նախագահ Պուտինը ունի՞ պատասխանատվություն իր ստորագրությամբ նաև եռակողմ հայտարարության ոգին, տառը և տրամաբանությունը պահպանելու և այդպիսով նաև ըստ էության իր ստորագրության հանդեպ Ալիևից հարգանք պահանջելու առումով:

Որևէ մեկի, այդ թվում ՌԴ նախագահի մոտ կասկած կա՞, որ վանդալիզմի ակտերը եթե ոչ ամբողջապես կզրոյանան, ապա առնվազն ամենանվազի կհասնեն Ալիևի մեկ ելույթով, իսկ եթե նա կոչ անի և հետևողականորեն պահանջի իր հանրությունից և զինվորներից պահպանել տարրական հարգանքը հայկական մշակույթի կոթողների և գերեզմանների հանդեպ: Միևնույն ժամանակ, սակայն, Պուտինի պատասխանատվության հարցից առաջ, այստեղ պետք է դնել իհարկե Հայաստանի կառավարության պատասխանատվությունը, որը նույնպես եռակողմ համաձայնագրի մասնակից է և կարծես թե պարտաճանաչորեն կատարում է այդ համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունները, չարժանանալով փաստորեն Ադրբեջանի համարժեք վերաբերմունքի:

Հայաստանի կառավարությունը պատրաստվու՞մ է դնել այդ հարցերն ու եռակողմ համաձայնագրի առաջ հավասարազոր պատասխանատվության խնդիրը, պատրաստվու՞մ է համաձայնագրի շրջանակում տեր կանգնել հայկական իրավունքներին, դնել ադրբեջանական վանդալիզմի հարցն ու հասնել դրա համարժեք գնահատման:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ