Աշակերտական խորհրդի անդամները ԿԳՄՍ նախարարի հետ քննարկել են կիբեռանվտանգության և բուլինգի խնդիրները

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի նոր կազմի անդրանիկ նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Նիստին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը:

Աշակերտական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին սովորողների առցանց անվտանգության, կիբեռանվտանգության, բուլինգի, ինչպես նաև կրթական համակարգում ներդրված հիմնարար փոփոխությունների և ուսուցման գործընթացի բարելավման հարցերը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակիցներին շնորհավորել է խորհրդի նոր կազմում ընդգրկվելու առիթով՝ կարևորելով նաև նրանց դերն ու դիրքորոշումը հանրակրթության ոլորտում իրականացվող փոփոխությունների համատեքստում:

Անդրադառնալով երեխաների առցանց անվտանգության ապահովման խնդրին՝ նախարարը նշել է, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց այս հարցը դառնում է ավելի ու ավելի հրատապ։ «Տեխնոլոգիաները ուսուցման գործընթացում շատ կարևոր գործիք են՝ դրանց ճիշտ և նպատակային օգտագործման դեպքում։ Գլխավոր խնդիրն այն է, որ դրական կողմերի հետ միասին, դրանք նաև բազմաթիվ մարտահրավերներ են առաջ բերել: Բազմաթիվ հետազոտություններ, այդ թվում՝ 4 տարին մեկ անցկացվող PISA (Program for International Student Assessment) միջազգային հետազոտությունը ցույց են տալիս, որ օրինակ՝ բուլինգը, ավելի լայն դրսևորումներ է ստանում առցանց տարածքում։ Եվ շատ կարևոր է հասկանալ՝ որն է երեխաներին այս տիրույթում պաշտպանելու ճիշտ ձևը»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ գործընկեր գերատեսչությունների ու կազմակերպությունների հետ իրականացվում են երեխաների առցանց անվտանգության պաշտպանությանը միտված գործիքակազմերի մշակման աշխատանքներ:

Նրա խոսքով՝ արդեն ձևավորվել է նաև համատեղ աշխատանքային խումբ՝ թիրախային անելիքները հասկանալու և համապատասխան քայլերը հստակեցնելու նպատակով։

Կարևորելով աշակերտների ամբողջական իրազեկվածությունը և թեմայի վերաբերյալ նրանց դիրքորոշումը՝ նախարարը մանրամասն հետաքրքրվել է, թե աշակերտներն ինչ են մտածում բուլինգի դրսևորումների, այդ երևույթի կանխարգելման, կիբեռանվտանգության և առցանց տիրույթում պաշտպանված լինելու մասին, ինչպիսի վարքագիծ են դրսևորում սոցցանցերում և այլն։

Կիբեռանվտանգության, բուլինգի առանձին դեպքերի, դրանց կանխման և հնարավոր ռիսկերի վերաբերյալ աշակերտները ներկայացրել են իրենց դպրոցների փորձառությունը, ինչպես նաև նախարարին ուղղել թեմայի հետ կապված մի շարք հարցեր, նաև հանդես եկել առաջարկներով:

Հատկապես ընդգծվել է դպրոցներում իրազեկման արշավների պարբերական անցկացումը, այս խնդիրների կանխարգելման ուղղությամբ հոգեբանների աշխատանքի արդյունավետության բարձրացումը, աշակերտ-դպրոց-ծնող համագործակցային կապի բարելավումը։

Նիստի ընթացքում աշակերտական խորհրդի անդամները նախարարին հարցեր են ուղղել նաև նոր դասագրքերի, գնահատման համակարգի, դպրոցների ավարտական և բուհերի ընդունելության քննությունների, թեստային առաջադրանքների, էսսեի ձևաչափի ներդրման նպատակի և այլնի վերաբերյալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ