![]()
«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ավագանու ցուցակը գլխավորած Արսեն Գևորգյանի նկատմամբ երկու ամսով կալանք կիրառած դատավոր Արամ Գրիգորյանն ամբողջ քրեական գործով ինքնաբացարկ է հայտնել։
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:
Դատավորի ինքնաբացարկից հետո գործը վերամակագրվել է դատավոր Վարդգես Սարգսյանին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քրեակատարողական հիմնարկում սրտի կանգից մահացել է հոկտեմբերի 25-ի տեղական ընտրություններում Ստեփանավան համայնքի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը:
Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է, որ Արսեն Գևորգյանը քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել։
Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է հերթապահ բուժակը, որը կալանավորված անձին ցուցաբերել է առաջին բուժօգնություն։
Ժամը 07։55-ի սահմաններում կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է Արսեն Գևորգյանի կենսաբանական մահը։
Կալանավայրում «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
![]()