![]()
Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտնում է․
«Մանվել Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է, ամենավատ բանին արդեն պատրաստ ենք։ Չկա գիտակցություն, չկան ռեակցիաներ, չկա մարդուն ճանաչել․ անգամ ինձ չի ճանաչել»։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածեց, համաձայն որի ՀՀ ԱԱԾ-ն տվյալներ էր ստացել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք էր բերել և պահում էր զենք և ռազմամթերք: Այդ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Տվյալ գործի շրջանակներում ՀՀ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ իրականացրին Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում, հայտնաբերելով ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք: ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով Մանվել Գրիգորյանը բերման ենթարկվեց և ձերբակալվեց, ինչի մասին համաձայն ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի անհապաղ տեղեկացվեց ՀՀ ԱԺ նախագահը:
Օգոստոսի 17-ին դատարանը բավարարեց ՀՔԾ-ի միջնորդությունը և Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգեց երկու ամսով։ 20.12.2018թ. դատարանի որոշմամբ Մանվել Գրիգորյանը 25 մլն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց կալանավայրից։ ԱԱԾ-ի կողմից իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել էին 79 հրացան, ատրճանակներ, հակատանկային ականանետեր, ՊՆ-ին նվիրված մեքենաներ, 3 ավտոպարկ, վայրի կենդանիներ (արջեր, վագրեր, ջայլամներ), բազմաթիվ անհատների և կառույցների, այդ թվում՝ Հայաստանի դպրոցների աշակերտների կողմից հավաքված և ուղարկված, զինվորի համար նախատեսված սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ և նամակներ։
![]()