«Սևանա լիճը չորս կողմից լինելու է ասֆալտապատ…». վարչապետի շրջայցը Գեղարքունիքի մարզի համայնքներ

Նիկոլ Փաշինյանն այսօր եղել է Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքներում: Կառավարության ղեկավարը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով ընթացող վերակառուցման և նորոգման աշխատանքներին, պատասխանել բնակիչների հարցերին, վերջիններիս բաժանել նաև դիմակներ։

Նշվել է, որ Գանձակի Բաղրամյան փողոցը հիմնանորոգվում է պետական միջոցներով։ Ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա վերջին, կավարտվեն այս տարվա սեպտեմբերին։ Ճանապարհի երկարությունը 2 կմ է, ասֆալտապատվող մակերեսը` 13000 քմ.։ Այս պահի դրությամբ իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ 60 տոկոսը։ Ծրագրի պայմանագրային արժեքը 307 մլն 750 հազ. դրամ է: Իսկ համայնքի կենտրոնական հրապարակը վերակառուցվում է 14 մլն 500 հազ. դրամ պայմանագրային արժեքով սուբվենցիոն ծրագրի շրջանակում:

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2 շաբաթ առաջ: Հրապարակում անցկացվելու է լուսավորության համակարգ, կանաչապատվելու է տարածքը տեղադրվելու են նստարաններ, սալիկապատվելու են անցուղիները, կառուցապատվելու է հրապարակին կից գետի հունը:

Վարչապետին ներկայացվել է, որ առաջին անգամ հիմնանորոգվել է Արծվանիստի Վանեվան վանական համալիր տանող 3.3 կիլոմետրանոց ներհամայնքային ճանապարհը: Վաղ միջնադարում կառուցված Վանեվան վանական համալիրը պատմամշակութային կարևոր հուշարձան է, և դրան կապող ներհամայնքային ենթակառուցվածքների բարելավումը կնպաստի Արծվաշենի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը, զբոսաշրջիկների ներգրավմանը: Շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 451 մլն դրամ: Կառավարության ղեկավարն այցելել է Վանեվանի վանական համալիրի եկեղեցի, բարձր գնահատել կատարված աշխատանքի որակը, կարևորել կառուցված ճանապարհի զբոսաշրջային նշանակությունը:

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ