Շիրակի մարզի գյուղաբնակ 55 անօթևան ընտանիքների համար կառուցվում են նոր բնակարաններ


Բասեն գյուղի բնակիչ Սուսաննա Մարտիկյանի ընտանիքն արդեն 32 տարի է ապրում է վթարային տանը։ 7 անձով տեղավորվել են ընդամենը մեկ սենյակում, գորգերով ծածկել են փայտյա հատակի բացված անցքերը, սենյակը բաժանել են երկու մասի, իսկ խոնավությունից բորբոսած պատերը պաստառապատել են։Տիկին Սուսաննայի ընտանիքը անօթևանության հերթացուցակում է:

32 տարի անց, կառավարության հատկացրած գումարով, նրանց համար կկառուցվի նոր բնակարան։ ԲԳՎ-ից Մարտիկյանները հրաժարվել են ու սպասում էին բնակարանաշինությանը: Նոր բնակարանը կկառուցվի վթարային տան հարակից տարածքում, հիմքերի փորման աշխատանքներն արդեն մեկնարկել են։

4 սենյականոց տան կառուցումը գնահատվել է մոտ 17 միլիոն դրամ , իսկ ծրագրով կառուցվելիք բնակարանների մակերեսները որոշվում են հատուկ չափորոշիչներով։Մարտիկյանների ընտանիքից բացի Բասենում նոր բնակարաններ կկառուցվեն ևս 5 անօթևան ընտանիքի համար։Իսկ ծրագրի ընդհանուր արժեքը 960 միլիոն դրամ է, որի շրջանակներում մարզի 8 գյուղերում կկառուցվեն բնակարաններ 55 շահառու ընտանիքների համար։ ։8 համայնքներից բնակարանների կառուցման աշխատանքները դեռ չեն մեկնարկել միայն Ջրաձորում։

Այստեղ ծրագրի շահառու են 28 ընտանիքներ,որոնց առանձնատների նախագծման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Իսկ մարզի գյուղերի 86 ընտանիքներ էլ բնակարանի գնման վկայագրեր են ստացել: Դրանց իրացման ժամկետը երկարացվել է և անօթևան ընտանիքները վկայագրով տուն գտնելու և գնելու ժամանակ ունեն մինչև նոյմեբերի 1-ը:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ