5000 դոլարի դիմաց պատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. ձերբակալվել է 3 անձ. լուսանկարներ

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է:

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություններ, որ Մեծամոր քաղաքի երկու բնակիչ, որոնք նախկինում դատապարտվել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շուրջ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց նախապատրաստվում են սպանել Երևանի մի բնակչի։

Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ երկու տղամարդիկ նախապատրաստվում էին սպանել նաև Արմավիրի մարզի Արգավանդ բնակավայրի մի բնակչի։

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 6-ին ձերբակալվել են սպանության նախապատրաստության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող երեք տղամարդիկ։

Այսպիսով՝ Արմավիրի քրեական ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված անձանց նկատմամբ ձեռնարկված հետևողական միջոցառումների արդյունքում կանխվել է նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության՝ սպանության կատարումը։

Բացի այդ, ձերբակալվածներից մեկին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է մեթադոնի լուծույթ։

Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ այն նույն օրը Փարաքար բնակավայրում տղամարդուն իրացրել էր մեկ այլ քաղաքացի։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ