Վարչապետ Փաշինյանը պարզաբանեց՝ ինչու է պաշտոնյաների վարձատրությունը ավելացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ պաշտոնյաների վարձատրության բարձրացման հարցին։

Հետքը գրել էր, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների, փոխնախարարների աշխատավարձը կրկնապատկվել է։

«Ոմանց աշխատավարձը բարձրացել է, ոմանցը՝ իջել։ Այս որոշման անկյունաքարային նշանակությունը հենց դրա մեջ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի տված հարցին, թե արդյոք որոշ պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը օրենքը և վարձատրության սահմանված սանդղակը չի խախտում։ Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչն է գործընթացի գաղտնիության պատճառը։

«Անցած տարի՝ պարգևատրումային սկանդալի արդյունքում, մենք նաև այս դահլիճում բազմիցս քննարկումներ ենք ունեցել և արձանագրել ենք, որ որշակի դիսպրոպորցիա կա։ Խնդիր է դրվել, որ նույն կարգավիճակի մարդիկ պետք է նույն աշխատավարձը ստանան»,- ասաց Փաշինյանը։

Իսկ թե ինչու է գաղտնի հանձնարարականով բարձրացվել պաշտոնյաների աշխատավարձը, վարչապետն ասաց, որ դա եղել է իներցիայով։ Նա նշեց, որ այդ պաշտոնյաները տարեկան հայտարարագրեր են հրապարակում, և վարձատրության չափը գաղտնի պահել հնարավոր չէ։

Վարչապետի խոսքով՝ գործընթացը հրապարակային է եղել։ «2019-ի բյուջեի քննարկումների արդյունքում ես այս ամբիոնից ասել եմ, որ եթե նախկինում պարգևատրումային ֆոնդ ունեին ընդամենը մի քանի մարմիններ, մենք հիմա աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով բոլոր մարմինների համար սահմանում ենք պարգևատրումների ֆոնդ։ Եվ բյուջետային քննարկումների ժամանակ դուք իմացել եք դրա մասին և դուք քվեարկել եք դրա օգտին»,- նշեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ