«Հենց այդ պահին եմ որոշել դա ու արել». դերասան Նարեկ Հայկազյանի սիրո անակնկալ դրսեւորումն ու կնոջ հուզմունքը

Իսկական սերը չի ճանաչում տարիներ: Այս ամենի վառ ապացույցը Նարեկ Հայկազյան եւ Ծովինար Մարտիրոսյան դերասանական զույգն է, որոնք արդեն 13 տարի է՝ ամուսացած են:

Նարեկը երեկ որոշել է եւս մեկ անգամ իր սերը ցույց տալ կնոջը՝ նրան անակնկալ մատուցելով: Դերասանը կանգ առնելով շենքի բակում՝ իրենց պատուհանի տակ սիրային երգով եւ կարմիր վարդերով է «դուրս կանչել» Ծովինարին:

«Մեքենան վարելով արդեն գրեթե հասնում էի տուն: Ճանապարհին անկեղծ՝ Ծովինարի մասին էի մտածում, թե ինչքան շատ եմ իրեն սիրում, ու արդեն սովորական է դարձել ամեն անգամ դա նրան ասելը:

Իսկապես, մի պահ եկավ, որ արդեն սկսեցի շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ունեմ Ծովիկին, եւս մեկ անգամ հասկացա, թե որքան է ինքն ինձ սիրում, միշտ ամեն տեղ, ամենուր իրենից առավել ինձ է գնահատում, բարձրացնում… Հասկացա՝ ինչ էլ, որ անեմ, քիչ է իր համար: Ուզում էի ինչ-որ ձեւ արտահայտել իմ սերը:

Մտքովս դա անցավ: Հենց այդ պահին եմ որոշել ու արել՝ առանց որեւէ մեկի օգնության: Այդ քայլի համար ժամանակ էլ պետք չի եկել, որոշել եմ ու արել»,-նշեց  նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ