Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկում է նվազեցնել ավտոմեքենաների շարժման թույլատրելի արագությունը՝ 60-70 կմ/ժ-ից դարձնել 50 կմ/ժ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու անդամներին ու հանրությանն առաջարկեց քննարկել մայրաքաղաքում ավտոմեքենաների շարժման արագության առավելագույն շեմը նվազեցնելու հարցը: Այս մասին նա ասաց ավագանու այսօրվա նիստում՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանի դիտարկմանը, որ, ըստ ոստիկանությունից ստացված տեղատվության, ավտովթարներից զոհերի թիվը չի նվազում ու, ընդհակառակը, ավելանում է: «Քաղաքային իշխանությունը ստանձնելով՝ ինչ-որ առումով ստանձնել ենք նաեւ մարդկանց անվտանգությունը»,- նկատեց Պապիկյանը՝ հավելելով, որ աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունի, այսպես ասած, «Զրո մահվան կոնցեպտ»: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը համոզված է, որ խնդիրը գլոբալ լուծում է պահանջում, որը պետք է նախաձեռնի քաղաքապետարանը, բայց իրագործի ոստիկանության եւ այլ գերատեսչությունների մասնակցությամբ:

«Այսօր Երեւան քաղաքը, ցավոք սրտի, բավականին վտանգավոր է, եւ ոչ միայն հետիոտնի, այլ նաեւ վարորդի համար»,- փաստեց Մարությանը: Նա հանձնարարական է տվել, որ Երեւանի բոլոր անցումների վրա լինի հատուկ լուսավորություն: Կսկսեն ամենամութ եւ վտանգավոր անցումներից:

«Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է նվազեցնել ավտոմեքենաների շարժման արագությունը: Եթե մենք պատրաստ ենք դրան, այո, 60 կմ/ժ-ը պետք է իջնի: Շատ եվրոպական քաղաքներում առավելագույնը 50կմ/ժ է նորման, ոչ թե 60: Մենք ունենք հատվածներ, որտեղ ավտոմեքենա վարել թույլատրվում է 70 կմ/ժ արագությամբ, այն դեպքում, երբ հետիոտնային շատ երկար անցում կա: Առանց լուսաֆորի կա այդ զեբրան եւ կա 70 կմ/ժ արագությունը: Այստեղ որեւէ տրամաբանություն չկա»,- ասաց Հայկ Մարությանը:

Նա նաեւ փաստեց, որ շաբաթ-կիրակի օրերի իր դիտարկումներն էլ ցույց են տալիս, որ մարդիկ գրեթե չեն օգտվում վերգետնյա եւ ստորգետնյա անցումներից: Այդուհանդերձ, այս տարի նախատեսվում է կառուցել մի քանի վերգետնյա անցումներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ