Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը կարևոր է համարում Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը, քանի որ, ըստ նրա, խաղաղության հասնելու համար սա կարևոր նախապայման է: Ինչ վերաբերում է գործընթացի հետ կապված Հայաստանում առկա դժգոհություններին, Խաչատրյանը կարծում է, որ հայտնի շրջանակները պարզապես հերթական անգամ փորձում են առիթը օգտագործել՝ իշխանության հասնելու համար:

Նրա հետ «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցը՝ ստորև.

— Տիկին Խաչատրյան, մի քանի օր է՝ մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացը: Օր օրի ավելանում են երկրների սահմանների բաժանարար սյուները: Սա ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի համար թե՛ անվտանգային, թե՛ այլ առումներով:

— Սա ՀՀ պատմության մեջ առաջին սյունն է, որը դրվել է անարյուն, թեկուզ դրոշ չէ, սպիտակ սյուն է, բայց դրվել է առանց արյուն թափվելու և շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար. ՀՀ-ն վերջապես ունենում է իր սահմանագիծը, որի համար այդքան տարիներ պայքարել է:

— Տեղի ունեցող գործընթացներին զուգահեռ բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որին ներգրավված են ընդդիմադիր շրջանակների ներկայացուցիչներ: Հետևո՞ւմ եք նրանց գործողություններին:

— Սա կորցրած աթոռների վերադարձի վերջին հույսն է, ոչինչ ավելի: Այն մարդիկ, ովքեր այսօր փողոցում պայքարում են, տարիներ շարունակ ընտրակեղծիքով, 5 հազար դրամով ժողովրդի հոգին ու խիղճը գնելով, նույնիսկ սեփական վարորդներին միլիոնատերեր դարձնելով, բերել հասցրել են թե՛ պատերազմի պարտությանը, թե՛ այն ամենին, ինչ այսօր կատարվում է ՀՀ-ի շուրջ: Այնպես որ այդ մարդկանց փողոցում լինելը որևէ աղերս չունի ՀՀ-ի շահերի հետ առհասարակ: Սեփական աթոռը վերադարձնելու վերջին հույսն է և իրենց տերերի տերերի՝ արտաքին քաղաքական տերերի վերջին հույսը: Բոլորը փորձում են ցույց տալ իրենց արտաքին քաղաքական տերերին, որ իրենք են լիդեր, Պուտին պապային ասում են՝ «մենք ենք լիդերը Հայաստանում», այնինչ ՀՀ-ում, բոլորին իրար գումարած, 10 հազար մարդուց ավելի մարդ չունեն այլևս, և հաջորդ ընտրություններին լրիվ այլ պատկեր ենք ստանալու, որովհետև ՀՀ քաղաքացին իր պատմության մեջ վերջապես սթափվել է և գիտի՝ ով է իր արտաքին քաղաքական բարեկամն ու թշնամին:

— Այսինքն՝ փողոցում տեղի ունեցող գործողությունները դրսի՞ց են ուղղորդվում:

— Վստահաբար, Ալեն Սիմոնյանի հանդեպ այն դիմումների շարքը, որոնք փորձում են գրել ՌԴ-ից, այդ ամենի ապացույցն է, որ՝ այո, դրսի ուղղորդում է:

— Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Ռուսաստանին ձեռնտու չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատված ու սահմանագծված տարածք ունենալը:

— Այդպես ՌԴ-ն դուրս է գալիս ուղղորդողի դերից, և ՀՀ-ն վերջապես ինքն է որոշումներ կայացնում՝ քաղաքակիրթ աշխարհի ուղեկցումներով, դրա համար ցնցումներ են սկսվել ՌԴ-ի մոտ:

— Կան պնդումներ, որ Երևանից գնում են Տավուշ և փորձում ապակողմնորոշել տեղի բնակիչներին: Ի՞նչ եք նկատել Դուք այս մասով:

— Բնականաբար, ակնհայտ է: Ես ընկերներ ունեմ Երասխի, Տիգրանակերտի տարածքից, շփվում էինք, ասացին՝ «մենք մեր տներում նստած ենք, Երևանից եկել են մեր տեղը որոշումներ են կայացնում»:

— Իսկ ի՞նչ կասեք Մայր Աթոռի, այն հոգևորականների մասին, որոնք փողոցում են կամ, այսպես ասած, նզովում են իշխանությանը:

— Կրոնը և մեր եկեղեցին բացարձակ աղերս չունեն փողոց դուրս եկած հոգևորականների հետ, նույնիսկ նրանց հոգևորական անվանելն է ինձ համար ամոթալի, որովհետև հոգևորականը Վազգեն առաջինն էր, ոչ թե այս բիզնես բանդաները, որոնք իրենց կոչել են հոգևորական: Բոլորս շատ լավ գիտենք նրանց անցած ճանապարհը, անցնող ճանապարհը, տերերին, տերերի տերերին: Ցավոք, այս եկեղեցականները նույնիսկ քաղաքական տերեր ունեն, ուղղորդողներ, և միայն այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» եկեղեցականի, պարզ է, որ նրանք ռուբլիով վճարված հոգևորականներ են:

— Իսկ արդյոք իրատեսակա՞ն է Ադրբեջանի հետ խաղաղ ապրել:

— Ցանկացած պարագայում, ցանկացած երկրի հետ հնարավոր է գնալ խաղաղության, ինչը մեզ համար այս պահին ամենակարևորն է, որովհետև մեզ առնվազն ժամանակ է պետք ուժերը վերականգնելու համար: Եվ հետո, ժամանակներն են տանում նրան, որ պետք է սկսել պատերազմներին վերջ տալ: Հայաստանը իր պատմության մեջ առաջին անգամ ունի սահմանագիծ, և մենք վերջապես պետք է դուրս գանք ինչ-որ մեկի հանձնարարություններով, հրահանգներով ապրելու ձևից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ