«Բռնություն քարոզող անձինք և ուժերը դուրս են մղվելու հանրային-քաղաքական կյանքից». վարչապետ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2018 թ. պետական բյուջեի հաշվետվության ներկայացման ժամանակ հայտնեց՝ իրենք հավատարիմ են մնում իրենց հայտարարած արժեքներին, իրենց կառավարության համար մնում է խնդիր այդ հեղափոխության արժեքների ներդրումը՝ որպես հանրային հարաբերությունների մշտական գործող համակարգ և արժեքային համակարգ:

Վարչապետն ասաց, որ իրենց մեծագույն խնդիրներից է եղել և շարունակում է մնալ բռնությունից զերծ հանրության ձևավորումը:

«ՀՀ-ում այսօր հենց այդպիսի միջավայր է ձևավորված: Հայաստանի Հանրապետությունը բռնությունից զերծ երկիր է: Մենք պետք է ինստիտուցիոնալ առումով արմատավորենք բռնությունից զերծ հանրության տեսլականը և տրամաբանությունը, բռնության այն քարոզը, որ տեղ ունի ՀՀ-ում, լուսանցքային, ետցնցումային երևույթներ են: Որևէ կասկած չկա, որ բռնություն քարոզող և բռնություն գործող անձինք, ուժերը, անկախ նրանից՝ իշխանության, թե ընդդիմության համակիրներ են, դուրս են մղվելու հանրային և քաղաքական կյանքից: Եթե դուրսմղման պրոցեսը տեղի կունենա հանրային պրոցեսների արդյունքում, սա այլ պատմություն է, այն դեպքում, երբ պետք է իրավապահներն արձագանքեն, բոլորովին այլ գործընթաց է»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց՝ այստեղ խորհրդարանի աջակցությամբ պետք է ամեն ինչ անել, որ այդ առումով իրավապահ մարմինների աշխատանքը լինի արդյունավետ: Նա ասաց, որ ուզում է հստակ արձանագրել՝ որպես ՀՀ վարչապետ, մարդ, ով այս կարգավիճակին արժանացել է ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում, խստորեն դատապարտում է բռնության որևէ դրսևորում: Վարչապետն ընդգծեց՝ բռնության, ատելության որևէ դրսևորում ՀՀ-ում տեղ չունի, պետք է չունենա և չի կարող ունենալ, ու կարծում է՝ այս առումով ՀՀ-ում կա հանրային կոնսենսուս, որը պետք է արտահայտվի պետական մարմինների աշխատանքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ