Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը հայտարարել էր, թե պաշտոնական նամակ է հղել Հայաստանի Ազգային ժողովին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունների հետ կապված։
Կարասինը նաև ընդգծել էր, որ նամակն ուղարկվել է դիվանագիտական ուղիներով։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյանն ասաց՝ Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից որևէ նամակ չի ստացել։
Հիշեցնենք՝ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել էր պատգամավորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։
Ըստ ՏԱՍՍ-ի, ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունն է»՝ ինքը ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։