ՀՀ ԱԳՆ-ն երկխոսության կոչ է անում Մերձավոր Արևելքում հետագա առճակատումից խուսափելու համար

Մերձավոր Արևելքում հետագա առճակատումից խուսափելու համար ՀՀ ԱԳՆ–ն երկխոսության կոչ է անում։

Այդ մասին «X»–ի միկրոբլոգում գրառում է արել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Կոչ ենք անում առաջնահերթ ուշադրություն դարձնել երկխոսությանը։ Անհրաժեշտ է խուսափել հետագա առճակատումից»,– նշել են գերատեսչությունից։

Ապրիլի 13-ին հայտնել էինք, որ Իրանը հարյուրավոր անօդաչու սարքեր էր արձակել Իսրայելի ուղղությամբ, իրավիճակը լարված էր եղել ամբողջ գիշեր: Ապրիլի 13-14-ի գիշերն Իրանն արձակել էր 185 անօդաչու թռչող սարք, 110 բալիստիկ հրթիռ («Երկիր-երկիր») և 36 թևավոր հրթիռ։ Հրթիռների մեծ մասն արձակվել էր Իրանից, մի մասը՝ Իրաքից և Եմենից:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «օգնել է Իսրայելին ոչնչացնել գրեթե բոլոր անօդաչու սարքերն ու հրթիռները», որոնք եկել են Իրանից։

Եվրամիությունը դատապարտել էր Իրանի հարձակումն Իսրայելի վրա։ Համապատասխան հայտարարությամբ էր հանդես եկել ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ այսօր՝ ապրիլի 14-ին, հրավիրում է G7-ի ղեկավարներին՝ «համակարգելու միասնական դիվանագիտական պատասխանը Իրանի լկտի հարձակմանը»:

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին էլ հայտնել էր, որ Իրանն ավարտել է Իսրայելի դեմ իր գործողությունը, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է հետագա գործողությունների։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ