Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

«Ոչ մեկիս համար գաղտնիք չէր, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արժեքները վաղ թե ուշ հակադրվելու են այն արժեքներին, որոնք առկա են այն ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական միավորումներում, որի մեջ ՀՀ-ն հայտնվել է 1990 ականներից սկսած»:

Այս մասին այսօր՝ ՀՀ եվրաինտեգրամանն ուղղված համաժողովի ժամանակ ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

«Խոսքս և՛ ՀԱՊԿ-ի մասին է, և՛ ԵԱՏՄ-ի, և՛ բոլոր այն երկրների համախմբի մասին, որոնք ըստ էության ժողովրդավարության հետ ոչ միայն լրջագույն խնդիրներ ունեն, այլ ժողովրդավարությունը համարում են թշնամական ռեժիմ, այս կտրվածքով կարծում եմ պիտի որ սպասելի լիներ այն ճաքերը, որոնք ի հայտ են գալիս:

Սրան գումարվում է 2020 թվականի 44-օրյա պատերազմը, դրա ընթացքում Հայաստանի այսպես կոչված ռազմավարական դաշնակիցների պահվածքը և դրանից հետո ՀՀ-ի նկատմամբ տարածքային հավակնությունները, Ադրբեջանի ագրեսիան, և վերջապես 2023 թվականի Արցախի վրա հարձակումը և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ միակողմանի անվտանգ տեղաշարժի ապահովումը՝ Արցախի էթնիկ զտման արդյունքով, բոլորիս համար ակնհայտ են դարձրել, որ ուղղակի Հայաստանի անվտանգային շահերից դրդված ՀՀ անվտանգային քաղաքականությունների դիվերսիֆիկացումը իհարկե ուշացած, բայց կենսական անհրաժեշտություն է գոնե ՀՀ պահպանման տեսանկյունից»,- ասաց Սաֆարյանը:

Քաղաքագետը նաև նկատեց՝ ինչպես իր կողմից վերաթվարկված իրողությունները ցույց տվեցին, այդպիսի դասավորությամբ և այդպիսի դաշնակիցներով ոչ միայն Արցախը չենք կարող պահել և պաշտպանել, այլ անգամ Հայաստանը չենք կարող պահել:

«Օրերս իմ գործընկերների հետ Տավուշում էինք և գիտեք տեղի աղբյուրներն ի՞նչ ասացին. Բաղանիսի ճանապարհին տեղակայված ռուսական ռազմաբազայում մարդիկ նկատել են 7 կամ 8 մարդու՝ տաջիկների և ղրղզների, կգուշակեք, թե սա ի՞նչ կազմ է՝ ՀԱՊԿ անդամ երկրների, հո միամիտ չենք որ չհասկանանք, թե ինչին են սպասում: Բոլորս ենք հասկանում, որ սա 4 գյուղի պահանջի խնդիր չէ, այլ այս իրավիճակում ուղղակի ուզում են ստեղծել պայմաններ ընդունելու այն քաղաքական որոշումը, որին դիմադրում է ՀՀ-ն և ՀՀ իշխանությունները: Այսինքն ՀԱՊԿ-ի տեղակայում, կրկին խաղաղապահների, իրենք իրենց հենց այդպես էլ անվանում են, ոչ թե ռուս սահմանապահներ, այլ ռուս խաղաղապահներ և եթե սա իրողությունները անտեսենք այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք ՀՀ-ում»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը:

Քաղաքագետը ընդգծեց՝ այսօր մեզ համար հրամայական է բոլոր խաղացողների համախմբումը. «Բիզնեսից սկսած, քաղհասարակությունով, քաղաքական ուժերով վերջացրած, որովհետև ուզենք թե չուզենք մեր անվտանգային խնդիրների լուծումները տանում են այլ տեղ, և այդ ճանապարհի հետ խնդիր ունեն ոչ միայն այն երկրները, որոնք մեր հանդեպ թշնամական քաղաքականություն են վարում, այլ նաև թղթով դաշնակիցները: Չափազանց ճակատագրական պահ ենք անցնում՝ շեղբի վրայով քայլելով, բայց նաև այլ ճանապարհ չունենալով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ