Մարդիկ զենքները ձեռքներին ման են գալիս. ուզում եմ հասկանալ՝ սա ինչքան պիտի տևի. Ալեքսանդր Սիրունյան

«Ես արդեն այս մի քանի ամիսն ավելի լայն եմ նայում։ Օրական երկրով մեկ բռնություն և զենքի գործադրմամբ հանցագործություններ են կատարվում։ Շաբաթը սկսվում է դիակներով, վերջանում է դիակներով։ Ես ուզում եմ հասկանալ՝ սա ինչքան պիտի տևի»,- Civic.am-ի հետ զրույցում խոսելով երեկ Նոր Նորքի ոստիկանությունում տեղի ունեցած միջադեպի մասին՝ ասաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով։

«Ներխուժած անձանցից երկուսը Ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսը ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է։ Վերջինս ձերբակալվել է վերոնշյալ հանցանքն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով»,- նշված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ։

Փաստաբանը նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազը Երևանի դատախազությունում երկու շաբաթ առաջ տարեկան հաշվետվություն է ընդունում, խորհուրդներ է տալիս, վերջում էլ ասում է, որ կարևորում է ութ քրեական գործ, որոնք իր անձնական հսկողության տակ է վերցնում։

Ալեքսանդր Սիրունյանի խոսքով՝ այդ ութ գործերն էլ վերաբերում են քաղաքի տարբեր հատվածներում զավթված հողամասերին և որոշ ապօրինի կառույցներին։ Նա նաև նշեց, որ ինչ տարին սկսվել է՝ վթարների խեղդոց, բռնությամբ կատարված հանցագործությունների խեղդոց, և հիմա էլ միայն դանակահարություններով չեն բավարարվում, արդեն ինչ-որ բաներ են պայթեցնում կամ նռնակներով ոստիկանության բաժիններ են գրավում: «Մարդիկ զենքները ձեռքներին ման են գալիս»,- ասաց փաստաբանը։

«Վեց տարի է՝ մեր գործող կառավարությունը խոսում է վարորդական իրավունքի վկայական ստանալու բարեփոխումների մասին։ Բարեփոխումներ, բարեփոխումներ, բայց ամիսը մեկ վկայական վաճառելու համար ոստիկան են բռնում։ Ինձ թվում է՝ մեր երկրում ոչ մի պետական կառույց չի աշխատում։ Եթե պետական կառույցներից ամեն մեկը զբաղվեր նրանով, ինչով որ պիտի զբաղվի, վարչապետն անձամբ չէր գնալու «վեշելկա» ստուգեր Հոկտեմբերյանում կամ Վանաձորում։ Երկրի ղեկավարը՝ հունվարի 3 թե 4-ն էր, էդ ազիզ օրով վեր ա կացել ո՞ւր է գնացել՝ Հոկտեմբերյան «վեշելկա» չափելու։ Հիմա ո՞վ պիտի ամաչի՝ ի՞նքը, թե՞ իսկական չափողը։ Ես իմ երեխային համալսարան եմ ուղարկում, դուք ձեր երեխային՝ դպրոց, և այլն, և ուղղակի մեր բախտը բերել է, որ այսօրվա դրությամբ չլրացած երեք ամիսների մեջ այդ բռնության զոհերի մեջ մենք չենք եղել, այլ եղել է Արտաշատում մի տղամարդ կամ Գյումրիում մի կին»,- եզրափակեց Ալեքսանդր Սիրունյանը։

Լիլիթ Թադևոսյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ