Չպետք է լինի որևէ հարց, որը կմնա անպատասխան․ Փաշինյանը՝ Տավուշի մարզում ունեցած հանդիպումներից հետո

Տավուշի մարզում ունեցած հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ է հայտնել ունեցած քննարկումներից։

«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում Փաշինյանն ասել է, որ հանդիպումներն ամբողջությամբ տեսաձայնագրվել են, և տեսանյութը կհրապարակվի, սակայն չեն հրապարակվի այն հատվածները, որոնք գաղտնիքի տարրեր են պարունակում։

Հարցին, թե ի՞նչ ասելիքով էր այցելել մարզ և ի՞նչ է առաջարկել, վարչապետն ասել է, որ ամենակարևորն այն ասելիքն էր, որի մասին խոսել էր նաև մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Հայաստանի այն նույն ուրվագիծը, որ ցույց եմ տվել այնտեղ, ցույց եմ տվել նաև այստեղ, և ասելիքը կառուցված էր դրա վրա»,- ասել է Փաշինյանը։

Դիտարկմանը, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները մտահոգություն ունեն, որ այսպես կոչված անկլավներն Ադրբեջանին հանձնելու դեպքում իրենք կհայտնվեն շրջափակման մեջ, Փաշինյանը պատասխանել է․

«Դա մեզ էլ են ասել, և մենք այդ հարցերին պատասխանել ենք։ Մեր մոտեցումն այն է, որ մարդկանց բարձրացրած այդպիսի մի հարց պետք է չլինի, որը կմնա անպատասխան։ Եթե մնա անպատասխան, դա կնշանակի, որ մենք այդ հարցին լուծում չունենք»։

Հարցին, թե ունե՞ին բնակիչների հարցերի պատասխանները, Փաշինյանն ասել է, որ որոշ հարցերի պատասխաններ ունեին․

«Որոշ հարցերի հետ կապված էլ ես մարդկանց ասացի, որ ես եկել եմ ոչ միայն հարցերին պատասխանելու, այլ այդ հարցերը հավաքելու և դրանք կառավարության սեղանին որպես օրակարգ դնելու, դրանց պատասխանի շուրջ մտածելու ու պատասխանով վերադառնալու համար։ Հարցեր կային, որոնց սրությունը տեղում ավելի գործնական ու ավելի էմոցիոնալ զգացի»,- նշել է Փաշինյանը։

Նա շեշտել է՝ ամենակարևորն այն է, որ կառավարությունը գործնական կառուցակարգերով հիմնավորի մարդկանց անվտանգությունը։

Հարցին, թե հանդիպումների ժամանակ մարդկանց մոտ հուսահատություն զգացե՞լ է, Փաշինյանը բացասական պատասխան է տվել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հանդիպում է ունեցել Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց և հարակից այլ համայնքների բնակիչների հետ։

ՀՀ վարչապետը մարտի 12-ին տված իր մամուլի ասուլիսի ընթացքում չի բացառել, որ Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։

«Նախկինում էլ չեմ բացառել և չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսել Տավուշի մարզից։ Եվ այս գործընթացի շուրջ որոշումներ կայացնելիս մենք պետք է ելնենք իրողությունների և իրավիճակի համապարփակ վերլուծությունից և Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները և իրադրության կայունության ապահովման պահանջները, անհրաժեշտությունները կառավարելու տրամաբանությամբ»,-նշել էր վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ