Քաղաքացի Բագրատը հոգևորականից վերածվեց շարքային ընդդիմադիրի

Բագրատ Սրբազանի հանրահավաքը Երևանում երեկ վերածվեց յուրահատուկ խոստովանության։ Սրբազանը, որը գլխավորում էր Տավուշ-Երևան քայլերթը՝ օրեր շարունակ խնամքով փորձում էր թաքցնել իրենց ակցիայի քաղաքական նպատակը և հայտարարում էր, որ պայքարը բացառապես հանուն Տավուշի է, սակայն երեկ Սրբազանը չդիմացավ և Երևան հասնելուն պես նրա խոսույթը միանգամից դարձավ քաղաքական։

Նա հայտարարեց, որ պահանջում է վարչապետի հրաժարականը։ Այսպիսով՝ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց ներկայությամբ ինքն իրեն «կարգալույծ» արեց և հոգևորականից վերածվեց շարքային ընդդիմադիր քաղաքական գործչի։ Շարքային ընդդիմադիր Բագրատ Գալստանյանը հայտարարեց, որ սկսելու են փողոցային պայքար և անհնազանդության ակցիաներ։ Սա ասում է մեկը, որը Տավուշից Երևան ճանապարհն անցնում էր «Տաճարը հաղթելու է փողոցին» կարգախոսով։ Փաստացի Աստծո, եկեղեցու և հավատքի անվան տակ հանդես եկող քաղաքացի Բագրատ Գալստանյանի «տաճարը» պարտվեց փողոցին, պարտվեց, որովհետև «սրբազանը» փաստացի կեղծեց ինքն իր սկզբունքը, և ոչ թե տաճարը հաղթեց փողոցին, այլ փողոցը հաղթեց տաճարին, էժանագին քաղաքականությունը հաղթեց հոգևորին։

Քաղաքական դաշտը հոգևոր տաճար չէ, այնտեղ պատարագ չեն մատուցում, քաղաքականությունը հաշվարկ է, և եթե մտնում ես քաղաքական դաշտ ուրեմն պետք է պատասխանատվություն ստանձնես և հաշվարկես մյուս քայլերդ նույնպես։ Քաղաքացի Բագրատ Գալստանյանը երեկ փաստացի պաշտոնապես մտավ քաղաքականություն, կամ ավելի ճիշտ նրան մտցրեցին քաղաքականություն և ստիպեցին, որպեսզի նա բարձրացնի բավական ծանր քաղաքական բեռ, որը Գալստանյանը միանգամից գցեց «ոտքին», բառի ուղիղ և պատկերավոր իմաստով։

Սակայն, ինչպես ասում են մենք չենք մտնի նրա մատի և մատանու արանքը, սակայն այստեղ այլ հանգամանք կա, որը բավական մտահոգիչ է։ Քաղաքացի Բագրատ Գալստանյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ իր ղեկավարած շարժումը չէր կարող իրականանալ, առանց իր հոր՝ կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնության և հոգևոր աջակցության։ Սա արդեն նշանակում է, որ Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևոր դասը ներգրավված է հակաիշխանական գործընթացում, որին ի դեպ՝ նաև աջակցում են նախկին ռեժիմի բազմաթիվ քրեաօլիգարխիկ տարրեր, երկիրը թալանած, այլ երկրների ազդեցության տակ գործող գործիչներ։ ՀԱԵ ղեկավար կազմն իրենց անհավասարակշիռ քայլերի պատճառով և այլոց քաղաքական շահերը սպասարկելու նպատակով խաղացին եկեղեցու անվան հետ։ Ամենայն հայոց կաթողիկոսը նաև հարվածեց իր կոչմանը և, թերևս ընդունեց, որ ինքը ոչ թե Ամենայն հայոց, այլ որոշ հայերի կաթողիկոսն է, ավելի ճիշտ նախկին ռեժիմի քրեաօլիգարխիկ հայերի։

Թե ով, կամ ովքեր այս ամենից կշահեն, կամ չեն շահի, ցույց կտա ժամանակը, սակայն մեկ բան ակնհայտ է՝ շարքային ընդդիմադիրների վերածված որոշ հոգևորականների անպատասխանատու քայլերի պատճառով հարվածի տակ հայտնվեց Հայ Առաքելական Եկեղեցին որպես կառույց, որպես ինստիտուտ։

Քաղաքական շնագայլերը եկեղեցուն՝ անկախ իր կամքից, դարձրեցին ներքաղաքական հարցեր լուծելու գործիք։ ՀԱԵ-ն հոգևորականները չեն միայն, այն միայն հոգևոր կառույց չէ, այն մեր ժողովրդի պատմական, հոգևոր թանկ ժառանգությունն է, աշխարհին ներկայանալու մեր յուրահատուկ այցեքարտն է։ Ցավոք, որոշ հոգևորականներ այդ թանկ այցեքարտը փորձում են դարձնել մանրադրամ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ