Կա պատմական հնարավորություն. Բայրամովը կրկնել է Ալիևի խոսքն ու նույն «ծեծված» մեղադրանքները հնչեցրել

Պատմական շանս է ի հայտ եկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար:

Այս մասին Բաքվում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Այսօր, ի թիվս այլ հարցերի, ես կիսվել եմ Հայաստանի հետ հետկոնֆլիկտային իրավիճակի, վերականգնման և շինարարական աշխատանքների, ներքին տեղահանվածների վերադարձի և ականազերծման մասին տեղեկություններով։

Այժմ Հայաստանի հետ խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է ի հայտ եկել, և Ադրբեջանը ձեռնարկում է դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցները»,-ասել է Բայրամովը՝ կրկնելով նույն «ծեծված» ու որևէ հիմք չունեցող մեղադրանքն այն մասին, թե միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի Հայաստանին «ռևանշիստական գաղափարներից շեղելու» և բանակցությունների մղելու համար»:

Նախարարը, մոռանալով Ադրբեջանի կողմից միջազգային գրեթե բոլոր նորմերի և իրավունքների կոպիտ խախտումները, հայտարարել է, թե Ադրբեջանը կարծում է՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար անհրաժեշտ է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների լիարժեք պահպանում։

Նշենք, որ այսօր Բաքվում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող եռակողմ համագործակցության հարցերի շուրջ, որոշվել է հաջորդ հանդիպման վայրը և ընդունվել Բաքվի հռչակագիրը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ