Բաքուն տղա է՝ թող Արևմուտքի մոտ ասի՝ 1991-ի սահմանը չեմ ճանաչում, բայց գյուղերս պահանջում եմ. Մեհրաբյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Ռուսաստանն իր պահանջներն այսօր Ադրբեջանի բերանով է արտահայտում:

Վերջինս այն համոզմանն է, որ բացառություն չէ նաև Ադրբեջանի պահանջած այն չորս գյուղերը, որոնք գտնվում են Տավուշի հատվածում և դարձել են վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը:

«Ադրբեջանի այս պահանջը հիմնված է նրա վրա, որ 1991 թվականի սահմաններով այդ գյուղերն «իրենց»-ն են: Սահմանազատման ու սահմանագծման բանակցությունները պետք է տարվեն եռակողմ ձևաչափով արևմտյան հարթակներում, այդ պարագայում տեսնենք՝ ո՜նց է ուզելու, ի՜նչ է ուզելու: Ամենակարևորը Ռուսաստանի ազդեցությունն այս գործընթացում չեզոքացնելն է: Ադրբեջանը միայն բերանն է, որի միջոցով ասում է Ռուսաստանը: Մենք սա պետք է հասկանանք: «Երկկողմ ձևաչափ» և այլն. սրանք պետք է թողնել, հարցը լուծել բացառապես արևմտյան հարթակներում»,- նկատում է նա:

Դիտարկմանը՝ ստացում է՝ Ադրբեջանը, չընդունելով Ալմա-Աթայի հռչակագիրը և քարտեզները, միաժամանակ հղում է անում այդ քարտեզին՝ պահանջելով «իր գյուղերը», քաղաքագետը նկատում է. «Ճանաչում է միայն այն մասը, որտեղ, ըստ իրեն, ստանալու բան ունի: Սակայն այնտեղ, որտեղ վերադարձնելու բան ունի, իրեն դնում է Կովկասում հայտնի ավանդական կենդանու տեղը»:

Անդրադառնալով հարցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությանը՝ Մեհրաբյանը նշում է, որ վարչապետը տարընթերցումների տեղիք տվեց:

«Իսկ հստակությունը հետևյալն է, որ երկկողմ խոսակցությունը համարում ենք սպառված և այս մասնակի բլոկը (- խմբ. նկատի ունի դելիմիտացիայի և դեմարկացիայի երկկողմ բանակցությունները) ևս պետք է տեղափոխվի միայն և բացառապես արևմտյան հարթակ, սա կլինի արդեն հստակություն: Եթե գլոբալ առումով Ադրբեջանը 1991 թվականի սահմանը չի ճանաչում, դելիմիտացիան ինչի՞ շուրջ է, կարո՞ղ ենք մենք իրար հասկանալ, թե՞ չէ, սրա մասին է խոսքը: Իսկ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի հասկացողությունը միանգամից վերադառնում է, երբ հայտնվում է արևմտյան հարթակներում, դրա վառ օրինակն է Մյունխենը, Պրահայի համաձայնությունները և այլն»,- ասում է քաղաքագետը:

Դիտարկմանը՝ վարչապետը ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանը բարձրացնում է չորս գյուղերի, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ 32 գյուղերի հարց, որոնց կենսական նշանակություն ունեցող տարածքներն օկուպացված են, զրուցակիցը կրկնում է՝ այդ ամենի մասին իմաստ ունի խոսել միայն արևմտյան հարթակներում:

«Եթե այդ ամենը հենվում է ինչ-որ իրավական հենքի, սկզբունքի վրա, ապա այդ ժամանակ իմաստ ունի խոսել, թե ինչն է հնարավոր ու ինչը հնարավոր չէ, իսկ առանց դրա սա վերածվում է «բազառի», ասենք՝ վարչապետը ասաց, Ադրբեջանն էլ ասելու է՝ ես ոչ մի բան էլ չեմ ճանաչում, ոչ մի բան էլ չունեմ վերադարձնելու, բայց այդ 4 գյուղը, գյուղ, որ գյուղ էլ չեն, քոչեր են եղել, հենց հիմա պետք է վերադարձվի: Սա վերածվում է Կազուս բելլի՝ պատերազմի պատրվակ է դառնում, իսկ մենք գիտենք՝ ովքեր են դրա դրդողները»,- նշում է նա:

Քաղաքագետի խոսքով՝ Մոսկվան, օգտագործելով Բաքվին, Հայաստանի դեմ ևս մեկ պատերազմի պատրվակ է ձևավորում, իսկ Երևանը պետք է այդ ամենի «դեմը առնի». «Ռուսներն այստեղից օր առաջ պետք է չքվեն, հակառակ դեպքում մենք ստանում ենք ռումբ, որը ռուսների կողմից կարող է պայթեցվել ցանկացած պահի: Եթե մեր ասելուց հետո ռուսները դուրս չեն գալիս, նշանակում է՝ մենք գործ ունենք օկուպանտների հետ, իսկ օկուպանտների հետ խոսում են մեկ լեզվով՝ կրակ և արճիճ: Վե՛րջ: Այս երկրի տերը Հայաստանի ժողովուրդն է, այլ ոչ թե ֆաշիստ դուրսպրծուկները, հանցագործ տականքները»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ