Ժամանակն է նաև Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսել. ԵԽ բանաձևն ընդունվեց

ԵՄ-Հայաստան կապերի սերտացման, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին` ԵԽ ներկայացված բանաձևն ընդունվեց ձայների 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Նախագծում եվրապատգամավորներն աջակցություն են հայտնում Բաքվու-Երևան հարաբերությունների կարգավորմանը, որը հիմնված կլինի Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան սահմանների փոխադարձ ճանաչման սկզբունքի վրա: Նրանք ողջունում են այն փաստը, որ Հայաստանը ցանկանում է խորացնել Եվրամիության հետ հարաբերությունները:

«ԵՄ-ն պետք է դրական արձագանքի և օգնի Հայաստանին՝ ամրապնդելու իր տեղը ժողովրդավարական երկրների համայնքում», — ասված է փաստաթղթում:

Պատգամավորները նաև բարձր են գնահատում ժողովրդավարության, օրենքի գերակայության նկատմամբ Հայաստանի հարգանքը և կոռուպցիայի դեմ պայքարում մեր երկրի ջանքերը:

«Եթե Հայաստանը հետաքրքրված է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու և ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու հարցում, դա կարող է հող ստեղծել ԵՄ-Հայաստան հարաբերությունների փոխակերպման համար»,- ասված է բանաձևի նախագծում։

Եվրապատգամավորները կոչ են անում ԵՄ կառույցներին աջակցել Հայաստանի հետ գործակցության ընդլայնմանը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական երկխոսության, անվտանգության և այլ ոլորտներում:

«Ժամանակն է նաև Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսել», — նշվում է փաստաթղթում:

Պատգամավորներն ընդգծում են Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը երկարաձգելու և անձնակազմն ավելացնելու անհրաժեշտությունը: Ադրբեջանին կոչ է արվում վերջ տալ առաքելության մասին զրպարտիչ հայտարարություններին, Եվրամիությանը և Հայաստանին ուղղված ագրեսիվ հռետորաբանությանը:

«ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբ, որը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը», — նշվում է փաստաթղթում:

Խորհրդարանականները կոչ են անում Բաքվին երկխոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, ապահովել նրանց անվտանգությունը և վերադարձի իրավունքը, ազատ արձակել Ադրբեջանում պահվող՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, հորդորում ադրբեջանական ուժերին դուրս գալ Հայաստանի ինքնիշխան տարածքից:

Եվրապատգամավորները նաև մտահոգություն են հայտնում արտատարածքային միջանցք բացելու՝ Բաքվի պահանջների կապակցությամբ: Բանաձևի նախագծում նշվում է, որ Ադրբեջանը չի կարող համարվել Եվրամիության վստահելի գործընկեր՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ