Փրկարարական բոլոր ուժերը վերադարձել են տեղակայման վայրեր. Նոր Արեշի պայթյունի հասցեում հերթապահություն է իրականացվում

Ժամը 16:05-ին ՓԾ տնօրենի կարգադրությամբ բոլոր ուժերը վերադարձել են տեղակայման վայրեր։ Դեպքի վայրում երկու մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳնախարարությունը:

Դեպքի վայում աշխատանքներ են իրականացրել Երևան քաղաքի փրկարարական վարչության երեք մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական չորս ջոկատ` (այդ թվում՝ կինոլոգ), ՓԾ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների հերթապահ և օպերատիվ խմբերը, Հայկական Կարմիր խաչի կամավորներ ու Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ավտոկռունկը։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են մինչև փլատակներից Գայանե Եղոյանի և Հայկ Սողոմոնյանի դիերի դուրս բերումը:

Դեպքի վայրում Փրկարար ծառայության և Հայկական Կարմիր խաչի հոգեբանները մահացածների հարազատներին ցույց են տվել հոգեբանական աջակցություն։ Տեղում հերթապահել է շտապօգնության երկու բրիգադ, պարեկային ծառայողները սահմանազատել են տարածքը, հսկողության են վերցրել դեպքի վայր տանող ճանապարհները։

Հիշեցնենք՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը, ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչական շրջանում տեղի ունեցած պայթյունին, հայտնել էր, որ այն եղել է Նոր Արեշ 27 փողոց, տուն 3 հասցեում: Ըստ նրա՝ հարակից տները նույնպես վնասվել են, այդ տունը հիմնովին փլուզվել է։

Պայթյունի հետևանքով կա 2 զոհ, ևս 2 տուժած տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:

Պայթյունի դեպքի առթիվ, որի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ, ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս մասին տեղեկացնում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ վարույթը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ