ՌԴ ԱԳՆ-ում բացառել են ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորությունը

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցն այսօր օրակարգում չկա:

Այս մասին «Ռիա նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը։

Դիվանագետը նշել է, որ ՀԱՊԿ-ի ուշադրությունն այսօր կենտրոնացած է 2023 թվականի նոյեմբերին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման վրա. այդ աշխատանքներին մասնակցում են դաշինքի բոլոր երկրները։

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վերոհիշյալ նստաշրջանում ընդունված փաստաթղթերը, որին հայկական կողմը չի մասնակցել, այժմ գտնվում են Երևանի քննարկման փուլում, այդ փաստաթղթերից մի քանիսն ունեն հայկական կողմի համաձայնությունը, որից կարելի է եզրակացնել, որ հարցը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին չի բարձրաձայնվում»,- ասել է Վասիլևը։

Պատասխանելով ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի չմասնակցելու մասին հարցին՝ դիվանագետը նշել է, որ դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է, թեև այն կատարվել է ճնշման ներքո։

«Շատ առումներով այս իրավիճակը և՛ արևմտյան երկրների ճնշման, և՛ Հայաստանի ղեկավարության ու բնակիչների հասկանալի էմոցիաների արդյունք է»,- նշել է նա։

Վասիլևը հույս է հայտնել, թե «բանականության ձայնը վաղ թե ուշ կհաղթի զգացմունքներին»։

Հայաստանի իշխանությունները բազմիցս մեղադրել են ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր մասնակցել 2023 թվականի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Նույն թվականի հոկտեմբերին Փաշինյանը Բիշքեկում չգնաց ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդներ, միջոցառումներին հանրապետությունը ներկայացնում էր երկրի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայացած ԱՊՀ գագաթնաժողովին ևս չէր եկել Հայաստանի վարչապետը։

Մայիսին Մինսկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին չի մասնակցել Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը։ Սեպտեմբերին Հայաստանը փրկարարներ չի ուղարկել Բելառուսում տեղի ունեցած ՀԱՊԿ երկրների զորավարժություններին, իսկ մինչ այդ ՀՀ իշխանությունները մերժել են ՀԱՊԿ խաղաղապահ զորքերի «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացումը հանրապետությունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ