Հայկական կողմը հերքում է ադրբեջանական կողմի տարածած՝ ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու տեղեկությունները

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքում է ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները։ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպմանն ադրբեջանական կողմին ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու հարց չի քննարկվել։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին գրասենյակից:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների հանդիպման ժամանակ հայկական կողմը 3 շրջանի ականապատ դաշտերի քարտեզ է հանձնելու:

Իջևան-Ղազախ սահմանին այսօր մեկնարկել էր Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հերթական հանդիպումը։ Այս մասին հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին։

Այս հանդիպմանը, ինչպես հայտարարվել է նախապես, կսահմանվեն փաստաթղթերի տեսակները, կնույնականացվեն քարտեզները։

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովները մինչ այժմ 5 հանդիպում են անցկացրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ