Ջալալ Հարությունյանին քրեական նոր հետապնդում է առաջադրվել

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին նոր մեղադրանք է առաջադրվել: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։

Նոր մեղադրանքն առաջադրվել է անկախ այն հանգամանքից, որ ընդամենը օրեր առաջ՝ նոյեմբերի 11-ին, 2020 թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ արդարացնող հիմքով հանրային քրեական հետապնդումը դադարեցվել էր:

Ըստ փաստաբանի, 11 փորձառու ռազմագետ միակարծիք փաստել է, որ Ջալալ Հարությունյանի գործողություններում հակահարվածի դրվագով հանցակազմ չկա, վերջինս հակահարձակման ժամանակ գործել է բարեխիղճ, զգոն և գրագետ։ Սակայն երկրորդ դրվագի մասով քրեական նոր հետապնդում է առաջադրվել, որն իրականում ամբողջությամբ կրկնում է արդեն իսկ առաջադրված նախկին մեղադրանքը։

Սարդարյանը նշել է, որ Ջալալ Հարությունյանը մեղադրվում է ուժերի հարաբերակցությունը հաշվի չառնելու մեջ: Երբ դիվիզիոնի հրամանատարությունը կապ է հաստատել նրա տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանի հետ, վերջինս զեկուցել է, որ խմբավորում է մոտենում։ Իսկ Ջալալ Հարությունյանն, ըստ թաստաբանի, իբր ասել է, որ դա յուրային խմբավորում է, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ հայկական կողմն ունեցել է կորուստներ։

«Անկախ նրանից, թե Ջալալ Հարությունյանը Գենադի Բաղդասարյանի բանավոր հարցին ինչ է պատասխանել, «Դ 20» դիվիզիոնի ունեցած կորուստները գործող մարտական կանոնների համաձայն` միանշանակ դիվիզիոնի հրամանատարության թերացման հետևանք են, և այդ արարքի համար Ջալալ Հարությունյանը չի կարող պատասխանատվության ենթարկվել»,- ասել է փաստաբանը։

Սարդարյանը նաև տեղեկացրել է, որ Քննչական կոմիտեն երկրորդ դրվագով գործն ուղարկելու է դատարան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ