Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը. աղբյուր

Հնդկաստանը դիտարկում է Կովկասում իր ռազմավարական դաշնակցին՝ Հայաստանին, ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու հարցը՝ անցյալ տարի զենքի առաջին խմբաքանակը հաջողությամբ մատակարարելուց հետո։ Այս մասին գրել է The Economic Times-ը։

Աղբյուրը, մասնավորապես, նշել է. ՛՛Վերջերս Նյու Դելի այցելեց հայ բարձրաստիճան պաշտոնյան՝ քննարկելու այս հարցը։ Հնդկաստանը հաստատվել է որպես զենքի հուսալի մատակարար, որը կարող է բավարարել Հայաստանի պահանջները։ Թեև նոր մատակարարումների մանրամասները մնում են չբացահայտված, հայաստանյան դիտորդները կարծում են, որ նոր խմբաքանակը կարող է ներառել սարքավորումներ, որոնք ուղղված են Պակիստանի և Թուրքիայի աջակցությամբ՝ Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտությունում Հայաստանի կարողությունների ամրապնդմանը:

Հնդկաստանի նախորդ խմբաքանակը Հայաստան ներառում էր Pinaka բազմափողանի հրթիռային կայաններ, հակատանկային հրթիռներ, հրթիռներ և զինամթերք: Հաղորդվում է, որ զենքը մատակարարվել է Իրանի տարածքով։ Մատակարարումները դժգոհություն են առաջացրել Ադրբեջանում՛՛։

Նշվում է, որ Pinaka համակարգը կարևոր է Հայաստանի համար, հատկապես՝ կապված Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործման հետ, քանի որ դրա ՛՛կրակիր ու վազիր՛՛ հնարավորությունը թույլ է տալիս խուսափել հակամարտկոցի կրակից։

՛՛Համակարգի ծախսարդյունավետությունն ու օգտագործման հեշտությունն այն դարձնում են իդեալական Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ այն նման է ռուսական արտադրության ГРАД համակարգին՛՛,-գրել է The Economic Times-ը:

Հաղորդվում է նաև, որ Հայաստան առաքված նոր զինատեսակները ներկայումս փորձարկվում են հայ զինվորականների կողմից:

՛՛Ըստ Հայաստանի իշխանությունների՝ արդյունքները ՛՛շատ գոհացուցիչ են՛՛,-հայտնել է հրատարակությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ