Ադրբեջանն իր լարած թակարդն է ընկել, իրենց սեփական «զենքով» կարող ենք կռվել իրենց դեմ, սա եզակի դեպք է. Հովհաննիսյան

«Մենք կարող ենք այս՝ առաջին հայացքից մեզ համար անընդունելի թվացող գործողությունն օգտագործել հենց Ադրբեջանի դեմ, և սա այն եզակի դեպքերից է, երբ իրենց սեփական զենքով կարող ենք կռվել իրենց դեմ»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԼՂ հայությանը մարդասիրական օգնություն ուղարկելու նախաձեռնությանը:

«Ըստ էության՝ կարող ենք միջազգային հանրությանը ցույց տալ, որ այ՝ տեսե՛ք, Ադրբեջանը անուղղակիորեն փաստում է, որ շրջափակել է Արցախը և իբրև բարի կամքի դրսևորում իր իսկ կողմից շրջափակված Արցախին մարդասիրական բեռ է ուղարկում: Ադրբեջանն ինքը, ըստ էության, հաստատում է, որ արցախահայությունը գտնվում է շրջափակման մեջ, կանգնած է հումանիտար աղետի առաջ»,- ասում է Հովհաննիսյանը:

Ռազմական փորձագետը նկատում է՝ սա շատ կարևոր դիվանագիտական զենք է մեզ համար, որը կարող ենք րոպե առաջ օգտագործել:

«Այսօր, եթե միջազգային հանրությանը հարց տանք, թե ի՞նչն է պատճառը, որ արցախահայությունը, որը 7-8 ամիս առաջ չուներ հացի խնդիր, այսօր ունի հացի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների խնդիր, միանգամից գալիս է պատասխանը՝ շրջափակման մեջ է: Ադրբեջանը բազմիցս ասել է, որ Լաչինի միջանցքը բաց է, իսկ այս քայլով արդեն հակասում է ինքն իրեն: Ուզում է ցույց տալ, որ, մարդասիրական մղումներից ելնելով, հումանիտար բեռ է ուղարկում արցախահայությանը, բայց մինչ հումանիտար բեռին հասնելը, ինչո՞ւ է ստեղծվել այդ հումանիտար ճգնաժամը. հարցի պատասխանը գտնելու համար գալիս ենք այդ բեռը ուղարկողի դաշտ: Մենք հիմա գնդակով հայտնվել ենք Ադրբեջանի դաշտում և կարող ենք շատ ավելի լավ խաղարկել հենց իր դաշտում, որովհետև վերջինս ինքն իր լարած թակարդն է ընկել, և մենք սրանից անպայման պետք է օգտվենք»,- նկատում է նա:

Խոսելով երեկ Լաչինի միջանցքից առևանգված ԼՂ երեք ուսանողի մասին՝ ռազմական փորձագետն ասում է, որ Ադրբեջանը նրանց տարել է ոչ թե դատապարտելու, այլ ավելի հեռուն գնացող ծրագրեր ունի:

«Որն արդեն ակներև դարձավ Ադրբեջանի հաջորդ հայտարարությունից, որ տղաները 10 օր վարչական պատասխանատվության կենթարկվեն և կվտարվեն Ադրբեջանի տարածքից, իսկ Ադրբեջանի տարածք ասելով՝ հասկանում են նաև Արցախը: Այսինքն՝ արցախահայությանը Ադրբեջանն այս կերպ փորձելու է վտարել Արցախից, որովհետև արցախահայությունը և առհասարակ ցանկացած հայ Ադրբեջանի դրոշի և պետական զինանշանների հանդեպ ունի նեգատիվ վերաբերմունք»,- կարծում է զրուցակիցը:

Ըստ Հովհաննիսյանի՝ առաջին փուլում 2020-22 թթվականներին Ադրբեջանը կոնկրետ անվտանգային պայմաններ էր ստեղծում բնակչության համար, կրակում, լարվածություն առաջացնում. «Իսկ 2022 թվականի դեկտեմբերից փորձեց ստեղծել հումանիտար ճգնաժամ, որպեսզի Արցախը հայաթափի: Հասկանալով, որ, միևնույն է, սովին էլ կարող են դիմակայել, ՀՀ-ն էլ կարող է խնդիրներ ստեղծել Ադրբեջանի համար միջազգային հարթակներում և այլն, արդեն փորձում է իրավական ձևակերպումներով արցախահայությունից ազատվել, և սա մեթոդներից մեկն է»:

Ռազմական փորձագետի խոսքով՝ խնդիրը հետևյալն է, որ երբեք չլռենք կամ չհավատանք խոստումներին:

«Մենք Ադրբեջանի համար պետք է միջազգային կառույցներում ստեղծենք խնդիրներ, և Ադրբեջանը միայն այդ դեպքում հետ կկանգնի մնացած քայլերից: Բացի դա՝ մեր պահանջներում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների առումով պետք է շատ բարձր նշաձող սահմանենք, որպեսզի գոնե նվազագույնը, ինչ էլ որ ստանանք, որոշակիորեն զսպի ագրեսորին: Այս պահին դա է մեր խնդիրը, և, իհարկե, ամենամեծ խնդիրը բանակը ժամ առ ժամ հզորացնելն է»,- ասում է նա՝ հավելելով. «Երբ որ թշնամին, կամ հակառակորդ կողմը քո արսենալում տեսնում է զինտեխնիկա, գերժամանակակից զինանոց, այլևս զգուշավոր է դառնում քեզ հետ հարաբերվելիս: Այս դեպքում ևս այդպես կարող է լինել»,- ընդգծում է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ