6 նոր հիվանդությունների համար ՀՀ կառավարությունը ֆինանսական հատկացումներ կանի. որոնք են դրանք

6 հիվանդության մասով ՀՀ առողջապահության նախարարությունը ունեցել է մեծ դիմելիություն, և 2024 թվականից այդ հիվանդությունների բուժման նպատակով Կառավարությունը ֆինանսական հատկացումներ կանի:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ Մարինե Հարությունյանը:

«Պատանեկան արթրիտ, առաջնային իմունոդիֆիցիտ, Կավասակի հիվանդություն, նյարդային խանգարումներով պայմանավորված հիվանդություններ, անհաս նորածինների համար դեղեր և ցրված սկլերոզ հիվանդությունը: Այս հիվանդությունների համար անհրաժեշտ են թանկարժեք դեղեր, որը պետությունը ձեռք կբերի և 2024 թվականի հունվարի 1-ից բուժման համար անհրաժեշտ ամբողջ ծավալով կտրամադրի պացիենտներին»,- նշեց Մարինե Հարությունյանը:

Վերջինս նաև նկատեց՝ այս հիվանդությունների մասով բազմաթիվ դեղեր կան, որ ՀՀ-ում գրանցված չեն, սակայն Կառավարության որոշմամբ կկարողանան նաև չգրանցված, բայց միջազգային անդամ երկրների դեղերը ձեռք բերել. «496 շահառու կընդգրկվի, որոնց գերակշիռ մասը կազմում են երեխաներ: Դեղապահովման ծրագրի բյուջեն 2024 թվականին կկազմի 4 միլիարդ 700 միլիոն, իսկ նեկայումս այն 4 միլիարդ 200 միլիոն է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ