«Մեր Կառավարությունը փախստականների իրավունքների պաշտպանության հարցում լուրջ որոշումներ է կայացրել». Փաշինյան

«Մեր Կառավարությունը փախստականների իրավունքների պաշտպանության հարցում լուրջ որոշումներ է կայացրել 2019 թվականին: Մենք Ադրբեջանից փախստական դարձածների համար բնակարանների ապահովման ծրագիր իրականացրինք, որը, եթե չեմ սխալվում, շարունակվում է, բայց ընդհանուր առմամբ կան ինստիտուցիոնալ խնդիրներ»:

Այս մասին այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի այն հարցին, թե ՀՀ-ն որպես պետություն նախատեսո՞ւմ է արդյոք որևէ ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել, որպեսզի փախստականների իրավունքները բարձրաձայնվեն միջազգային ատյաններում:

Վարչապետը նկատեց, որ այդ խնդիրը կա, և Հայաստանում կան Բաքվի, Սումգայիթի ջարդերի հետևանքով, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած այլ գործողությունների հետևանքով փախստական դարձածներ, դա արձանագրված է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ:

«Հարցը բավականին ծավալուն է և լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի: Կարծում եմ՝ ոչ միայն դուք, գուցե փախստականների իրավունքները ներկայացնող և պաշտպանող ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում կազմակերպենք, որպեսզի ավելի հասկանալի լինի ինձ համար, թե ակնկալիքները պետությունից, Կառավարությունից ինչպիսին են»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ օրերս Երևանում տեղի էր ունեցել Ադրբեջանի, Արցախի և Նախիջևանի փախստականների «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» խորագրով համաժողով: Համաժողովի ժամանակ ընդունվեց հռչակագիր, որը ներկայացվելու է նաև ՄԱԿ-ի ԱԽ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ