ԱԺ-ն համաձայնություն տվեց պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն:

Քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը ԱԺ-ին ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 65 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել:

Մհեր Սահակյանը նախորդ օրը հայտնել էր, որ ինքը ևս կողմ կքվեարկի այդ միջնորդությանը: Սակայն Սահակյանն այսօր Սյունիքում է, չի մասնակցել քվեարկությանը:

Ըստ դատախազության միջնորդագրի՝ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պատգամավոր Մհեր Սահակյանը փակ աշխատանքային քննարկման ժամանակ խուլիգանական դրդումներով, ցուցադրաբար հակադրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ:

Վարդապետյանի ներկայացմամբ՝ նա ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, ապա աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին: Հարվածի հետևանքով հանձնաժողովի նախագահի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին և ստորին կոպերի արյունազեղումների ձևով:

Նշվում է նաև, որ Վլադիմիր Վարդանյանի մարմնական վնասվածքները պատճառվել են բութ, կոշտ առարկայով, Մհեր Սահակյանը հրաժարվել է արյան մեջ թմրամիջոցի կամ ալկոհոլի առկայություն պարզելու համար նմուշ հանձնելուց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ