«Ուզում եմ իմանալ «30+1» գործը փակվե՞լ է, թե ոչ․ Դաշնակները հիմա ի՞նչ են ուզում». Գրիգոր Հարությունյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԺԿ քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Գրիգոր Հարությունյանը

Պարոն Հարությունյան, ընդդիմությունը բողոքի երթեր, ցույցեր է իրականացնում Երևանի փողոցներում, նշում, որ Արցախը, Սյունիքը փրկելու օրակարգ ունի: Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցող գործընթացները:

Սյունիքն ու Արցախը փրկելու միայն մեկ տարբերակ կա, որ Քոչարյանը, Սերժը, ՀՅԴ-ն քաղաքական ասպարեզից հեռանան, այ դա կլինի փրկություն: Թե չէ մի քանի հոգով հավաքվել, երկիրը խառնելով երկիր չեն փրկում: Թող իրենց ծրագիրն ասեն, ինչն են փրկում ու ոնց են փրկում, ով է իրենց վարչապետը, ում են ուզում իշխանության բերել, թող պարզ ասեն: Թե չէ ամբողջ օրը կանգնել ասել՝ թուրք- թուրք: Ինչ է նշանակում՝ ով չի միանում մեզ, նա թուրք է: Հասարակության 99 տոկոսն իրենց չի միանում, այսինքն 99 տոկոսը թո՞ւրք է: Չի կարելի մարդկանց այդպես վիրավորել, այն դեպքում, երբ իրենք են Արցախը բերել հասցրել այս վիճակին: Ո՞վ է Արցախը բանակցություններից դուրս թողել․․․Քոչարյանը: Էլ ինչի՞ մասին է խոսքը: Էսօր շարքի առաջից Քոչարյանի տղեն գնում է, որ ասում է՝ ես միլիարդատեր չեմ, միլիոնատեր եմ: Բա իհարկե, ժողովուրդը դուրս չի գա, մոռացե՞լ են անցյալը: Թող էդ միլիոնները տանեին, պաշտպանական գծեր ստեղծեին, երեխեքը պահածոյի բանկաներով չպաշտպանվեին:

Եթե ընդդիմադիրներին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չառաջնորդեին, մարդիկ կմիանայի՞ն պայքարին:

Մեր հասարակությունը արդարության համար պայքարում միշտ ոտքի է կանգնել: Մենք ունենք օրինակներ, և 1998-ին ժողովուրդը ոտքի կանգնեց Կարեն Դեմիրճյանի համար, 1999-ին՝ «Միասնություն» դաշինքի համար, 2003-ին Ստեփան Դեմիրճյանի համար: Ընտրությունների հաջորդ օրը առանց կազմակերպելու 100 հազար մարդ էր դուրս գալիս: Հիմա ժողովրդին մեղադրել, ասել՝ ով դուրս չի գալիս փողոց, նա թուրք է, դուք ձեր վաղվա մասին չեք մտածում… էդ ժողովուրդը իրենցից շատ ավելի խելացի է: Սա պարզապես չգիտեմ որտեղից կառավարվող մարդիկ են:

Նկատի ունեք դրսի՞ց կառավարվող:

Ինչի թուրքերը չեն ուզենա՞, որ Հայաստանը թուլանա: Վարչապետը երբ պետք է գնար Բրյուսել, իրենք էլի էստեղ միտինգներ էին անում: Սպասեք, տեսնենք, ինչ է լինում, տեսնենք, ինչպես կարող ենք օգտվել Եվրոպայի, Ամերիկայի հետ շփումներից:

Այսինքն՝ իրենց փրկության կոչերին մարդիկ չեն միանո՞ւմ:

Իհարկե, չեն միանում: Գուցե ես լավ չեմ տեսնում, բայց իրենք այդքանն են: Մի քանի օր առաջ ծանոթներիցս մեկն ասում է՝ ամբողջ օրը ասում են՝ փողոցները փակել ենք, կաթվածահար ենք արել, էսքան մարդ է մասնակցում, բայց ես ամբողջ օրը Ֆրանսիայի հրապարակով անցնում են, այնտեղ մարդ չկա:

Իրենք ասում են, որ ամեն օր իրենց շարքերն ավելանում են:

Ես կասեի՝ պակասում են:

Ընդդիմությունն իր գործողություններով որքանո՞վ է վտանգում Սյունիքի, Արցախի անվտանգությունը:

Իհարկե, վտանգում են: Մենք այդ տարածքներն ազատագրեցինք Էլչիբեյի ժամանակ, երբ կայուն իրավիճակ էր Ադրբեջանում: Հիմա սրանք էլ թուրքի պատվեր են կատարում: Ես չգիտեմ՝ ինչ շահագրգռվածություն ունեն, իշխանության աթոռը այդքան չարժե, որ ազգի ճակատագրի հետ խաղան: Դաշնակները ժամանակին ասում էին՝ երիտթուրքերը մեր եղբայրներն են ու դա բերեց Ցեղասպանության: Հիմա ի՞նչ են ուզում:

Հիմա փողոցային պայքարում շատ ակտիվ են դաշնակցականները:

Ես ուզում եմ իմանալ «30+1» գործը փակվե՞լ է, թե ոչ: Չի փակվել, իրադրության փոփոխության պատճառաբանությամբ դաշնակցականներին բաց թողեցին, բայց ապացուցված բան էր, որ տեռորիստական քայլեր են ուզում անել: Հիմա էլ Քոչարյանն ինչ ասում է, ՀՅԴ-ականները երգում են: Գլուխ են գովում, թե 130-ից ավել տարվա պատմություն ունեցող կուսակցություն են: Բա այդքան պատմություն ունեցող կուսակցությունը երկրի մասին չի մտածի՞: Իրենց քայլերով թուլացնում են երկիրը: Դեռ մեկ տարի էլ չի անցել ընտրություններից: Ժողովուրդն այսպես է ուզել, ընդունեք այդ ընտրությունը: Ինձ համար էլ զարմանալի էր, որ կարող է հարյուր հազար մարդ գնալ ու Քոչարյանին ձայն տալ, բայց փաստն այն է, որ դա է իրականությունը: Ես ընդունում եմ այդ արդյունքները: Ասում են՝ գալիս ենք իշխանության, որպեսզի արդարություն լինի երկրում, որ հզորացնենք երկիրը: Հզորացնեիք, ձեր միլիոնների փոխարեն պաշտպանական գծեր ստեղծեիք, համապատասխան զենք առնեիք: Կամ ասում են՝ գալիս ենք, որ թալանը հետ բերենք, կոռուպցիայի դեմ պայքարենք: Ո՞վ է ասում, Քոչարյանի տղա՞ն: Իշխան Սաղաթելյանը ոստիկանի առաջից ընկած փախչում էր, բա դու ուզում ես լիդեր դառնաս, հաշտվի այն մտքի հետ, որ կարող է գնաս, քաղբանտարկյալ դառնաս: Էն ժամանակ, որ մենք էինք փողոց դուրս գալիս, մենք չէինք փախչում, հպարտ քայլում էինք:

Սյունիքում իրավիճակն ինչպիսի՞ն է:

Սյունիքին ի՞նչ է եղել, Սյունիքում ժողովուրդը նորմալ է, մարդիկ նոր այգիներ են գցում, իրենց գործով են զբաղված:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ