Դպրոցի տնօրենը կաշառք է պահանջել ու ստացել

ՀՀ ոստիկանությունը հայտնում է․

Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա վարչություն հրավիրված մի կնոջ սեպտեմբերի 1-ին ներկայացված բանավոր հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի տնօրենը, նույն դպրոցում որպես դասվար աշխատանքի ընդունելու և այդ

կապակցությամբ հայտարարված մրցույթում հաղթող ճանաչելու գործընթացը կազմակերպելու համար, 2019 թվականի օգոստոսին իր աշխատասենյակում ոստիկանություն հրավիրված կնոջից որպես կաշառք պահանջել է 1500 դոլարին համարժեք 716 հազար դրամ, որից 1000 դոլարին համարժեք 478 հազար դրամը կինը տնօրենին է փոխանցել իրենց պայմանավորվածության մասին տեղեկացված, նույն դպրոցի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրենի միջոցով, իսկ 500 դոլարին համարժեք 238 հազար դրամն անձամբ տվել է տնօրենին:

Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր․

«ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել «Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարինա Գրիշայի Մալախյանի՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի մարտի 27-ի N 584-Ա հրամանով տրված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի /Սերիա Ա N 0003909/ գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:

Հրամանի համար հիմք են հանդիսացել համացանցում տեղադրված ձայնագրությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետի զեկուցագիրը:

Ըստ այդմ՝ առաջնորդվելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 395-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության կազմակերպման, անցկացման, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման կարգի» 89-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջով՝ դադարեցվել է «Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարինա Մալախյանի ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ գործողությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ