«Մեզ բոլորիս շնորհավորում եմ ճգնաժամային պայմաններում ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ…».Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հուլիսի 22-ին, կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգին անդրադառնալը, ընդգծեց. «Հուլիսի 17-ին հրապարակված որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի՝ ՀՀ Ազգային ժողովի 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 184 Ա որոշումը»:

Նա նշեց, որ սրանով ևս մեկ անգամ արձանագրվեց, որ արտահերթ ընտրությունները Հայաստանում անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան, և ընտրությունների վերջնական արդյունքներն արտահայտում են ՀՀ ժողովրդի կամքը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականները, ըստ որոնց՝ արտահերթ ընտրությունները եղել են մրցակցային, հարգվել են հիմնական իրավունքներն ու ազատությունները, քարոզարշավի իրականացման հնարավորությունները եղել են հավասար, ապահովվել է լուսաբանման հավասար սկզբունքը, ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարության սկզբունքներին:

«Այսպիսով 8-րդ գումարման Ազգային ժողովը կազմված կլինի 107 պատգամավորներից, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ»,- հավելեց վարչապետի պաշտոնակատարը:

«Մեզ բոլորիս շնորհավորում եմ ճգնաժամային պայմաններում ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ: Շնորհավորում եմ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին խորհրդարան անցնելու առիթով: Ուզում եմ ընդգծել, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ նախկինում մենք սովոր ենք եղել ընտրությունների արդյունքներով ներքաղաքական ճգնաժամեր ունենալու պրակտիկային»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ նաև ՍԴ որոշման մի շարք կարևոր շեշտադրումներին, մասնավորապես ատելության խոսքի հատվածին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ