Կարգապահական վարույթ է հարուցվել դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։

Իրավաբան․net-ի հետ զրույցում դատավորի ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ հայցի ապահովման միջնորդության քննության հետ է կապված հարցը։

Վարույթ հարուցելու հարցը ԲԴԽ-ին է ներկայացրել դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը։ Դատավորի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել խորհրդին վարույթը կարճելու վերաբերյալ, որը մերժվել է։

«Մեկ անգամ հայցի ապահովում կիրառելու միջնորդություն ե եղել, առաջին օրվանից քննվել է։ Հաջորդ անգամ ներկայացվել է նույն հիմքով հայցի ապահովում կիրառելու միջնորդություն, դատարանը նշանակել է դատական նիստ՝ մեկ ամիս հետո։ Վարույթի հիմքում ժամկետներն են, դատավորը անհապաղ պետք է քններ գործը։ Օրենքն իմպերատիվ ասում է՝ ստանալուց անհապաղ պետք է քննել: Խնդիրն ընդամենը սա է»,-նշեց Գրիգորյանը:

Փաստաբանի խոսքով՝ դատարանը ճիշտ է վարվել, իսկ արդյունքում որևէ մեկի իրավունքը չի խախտվել, գործի արդյունքի վրա ազդեցություն չի եղել։

«Մենք առարկությունները ներկայացրել ենք, միջնորդություն էլ արել ենք վարույթը կարճելու վերաբերյալ: Այսօր էլ պնդեցինք, որ վարույթը պետք է կարճվի, սակայն ԲԴԽ-ն որոշեց, որ պետք է քննել, և քննվեց»,-ասաց Գրիգորյանը և հավելեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը որոշումը մայիսի 31-ին է հրապարակելու:

Նշենք, որ Նաիրա Գրիգորյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դուստրն է։

Լուսանկարում ձախից՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն է, դատավոր ՆաիրաԳրիգորյանը և Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մարաբյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ